Դեկտեմբերի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ ամփոփիչ բաց դաս՝ «Գրականություն» առարկայից: Թեման Նար-Դոսի «Ես և նա» նովելն էր: Ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանի կողմից դասարանը բաժանվել էր 5 խմբի՝ Գրականագետներ, Գրաքննադատներ, Աշխարհագետներ, Լեզվաբաններ և Ստեղծարարներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց հանձնարարված աշխատանքի իր հատվածը:
Գրականագետները ներկայացրին Նար-Դոսի կյանքը, տեղեկություններ ներկայացրին նարդոս ծաղկի, նովելի և պատմվածքի նմանությունների ու տարբերությունների մասին: Գրաքննադատները սեղմ ներկայացրին «Ես և Նա» պատմվածքների սյուժեն, գլխավոր կերպարների բնութագրերը, համեմատեցին «Հասարակաց որդեգիրը» և «Արտիստը» պատմվածքների գլխավոր հերոսներին ես-ի և նա-ի հետ: Անդրադարձան նաև կանանց կերպարներին: Աշխարհագետները սահիկաշարի համադրմամբ ներկայացրին Վենետիկի մասին տեղեկություններ, նաև ունեին տեսանյութ՝ 10 փաստ Վենետիկի մասին: Լեզվաբանները տվեցին բառարանում տեղ գտած բառերի և արտահայտությունների բացատրությունը, դուրս էին գրել պատկերավորման միջոցները և յուրովի ներկայացրին «վերևն» ու «ներքևը»: Ստեղծարարները ներկայացրին «Նա» պատմվածքի նոր վերջաբանը՝ բեմականացմամբ, խաչբառ, որը լրացրին աշակերտների օգնությամբ: Բաց դասի ավարտին աշակերտները կարդացին նամակները՝ ուղղված Ես-ին և Անտոնիոյին, նշեցին նովելի ուսանելի կերպարները, խոսեցին նովելի լավ և վատ կողմերի մասին: Բաց դասի նպատակն էր ձևավորել գրական երկը, գրական կերպարների հոգեբանությունը, վարքագիծը, աշակերտների մոտ զարգացնել գործողությունների շարժառիթը վերլուծելու կարողություն: Ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանն ու «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը:
| |
| |
Դիտումներ: 539 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |