Հունվարի 9-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հետաքրքիր վերլուծական դաս՝ «Արցախի դարավոր պատմության հերոսական դրվագները, աշխարհագրական այցեքարտն ու խորհրդանիշները» խորագրով: Աշակերտները ծանոթացան Արցախի դարավոր պատմության հերոսական դրվագներին, Արցախի աշխարհագրական այցեքարտին, խորհրդանիշներին: 9-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Մարիամ Ասրիյանը, ով Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո իր կրթությունը շարունակում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, ականատեսի աչքերով պատմեց Արցախի վերջին շրջափակման, տեղահանությունից հետո արցախի ժողովրդի ապրումների, հույզերի մասին: Հերմինե Ալավերդյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը և աշակերտները քննարկեցին, վերլուծեցին Արցախի հարցի հետ կապված մեր բացթողումները, սխալները, առաջարկեցին սեփական լուծումները: Առաջարկվեց, որ նմանօրինակ դաս-քննարկումները պարբերական բնույթ կրեն և, բացի տեղակատվություն հաղորդելուց, միտված լինեն աշակերտների մոտ վերլուծական, քննական մտածողության ձևավորմանը:
| |
| |
Դիտումներ: 397 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |