Այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին: Մրցույթին մասնակցող ուսումնական հաստատությունները պետք է տեսանյութը նախապես հրապարակեին իրենց ֆեյսբուքյան էջում #խոսումենքԱրցախիբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Մրցույթն անցկացվել է դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող էր ուղարկել մինչև մեկ րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող (խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն) բեմականացում: Ներկայացվել է շուրջ 600 տեսանյութ, որից չափանիշներին համապատասխանել են 300-ը: Հաղթող են ճանաչվել 12 տեսանյութ, որոնք կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում: Գնահատումն իրականացրել է մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:
Արցախի բարբառը ներկայացրել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի աշակերտներ Միլենա Մելքումյանն ու Լևոն Հարությունյանը, որոնց մասնակցությամբ հրապարակված տեսանյութը առավելագույն միավորներ հավաքած 12 տեսանյութերի թվում է: Հավելենք, որ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տեսանյութը դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում 84.000-ից ավելի դիտում ունի, հավանումների ընդհանուր թիվը՝ 2900-ից ավելի է, իսկ տեսանյութով կիսվել են 460 անգամ: Նշենք, որ մրցույթում հաղթող են ճանաչվել նաև ստորև նշված ուսումնական հաստատությունները.
Տեսանյութը հրապարակվել է նաև ԿԳՄՍ նախարարության սոցիալական ցանցերի հարթակներում:
| |
| |
Դիտումներ: 1151 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |