Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների հանդիպումը ոստիկանության տեսուչի հետ

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Դավթյանը հանդիպում է ունեցել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտների հետ։

Ինչպես գրեթե բոլոր պետություններում, մեր երկրում ևս երեխաները գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո: Անչափահասների նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է նրանց բնութագրիչ առանձնահատկություններով՝ անպաշտպանվածությամբ, անօգնականությամբ, կենսափորձի պակասով, բարձր հուզականությամբ, խոցելիությամբ: Ուստի, անչափահասների խմբային հանցավորության կանխարգելման քաղաքականությունը պետք է կառուցել՝ նախ և առաջ հաշվի առնելով անչափահասների վերոնշյալ առանձնահատկությունները:

  

Հանդիպման ընթացքում տեսուչը զրույց-զեկույց է ունեցել, աշակերտներին հորդորել է պահպանել համակեցության կանոնները, նշելով, որ յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել այդ կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Տեսուչը նշել է, որ հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:
  
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել են ընտանեկան, ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական, հարկադրության և արհամարանքի  բռնությունները, դրանց հետևանքները, բռնության բացահայտման և կանխարգելման համար կիրառվող քաղաքացիական իրավական մեխանիզմները, ինչպես նաև խոսվել է աղանդների քայքայիչ ազդեցության մասին:

Տեսուչը աշակերտներին հորդորել է ենթարկվել դպրոցի ներքին կարգապահական կանոններին, խուսափել դասերից անհարկի բացակայելուց և պատշաճ կերպով կատարել աշակերտական պարտականությունները:

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2021)
Դիտումներ: 647 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar