«Զանգերի կախման» միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում

Օրը տոնական էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։ Ավարտական Վերջին դասին, որն այս տարի կազմակերպվելու է կրթամշակութային բովանդակությամբ, նախորդեց ավանդույթ դարձած «Զանգերի կախման» միջոցառումը, որն այս տարի կրկին վերածվեց ոչ միայն սովորողների անցած ճանապարհի գնահատման, այլև միմյանց հանդեպ տածած ջերմ զգացումների յուրատեսակ դրսևորման։

Հնչող երաժշտությունը հուշում էր, որ սա սոսկ կրթական մի փուլի ավարտ չէ, այլ նոր կյանքի շեմ։ «Զանգերի կախման» խորհրդանշական պահը՝ որպես անցում մանկությունից դեպի պատանեկություն, յուրահատուկ նշանակություն ուներ բոլորի համար։ Յուրաքանչյուր զանգ կարծես գունավոր հուշ էր՝ ամրացված ժամանակի մեջ։

Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, շնորհակալական խոսքերով, որոնք ոչ միայն ուղղված էին ուսուցիչներին, այլ նաև արտահայտում էին ընկերության, համախմբվածության և միմյանց հանդեպ եղած ջերմության խորքը։ Աշակերտների 9 երկար ու ձիգ տարիներն այստեղ ներկայացվեցին լուսանկարներով, հուշագրություններով, երբեմն՝ նույնիսկ ժպիտով ու արցունքով համեմված պատմություններով։

Դասղեկ Աննա Աբգարյանի հուզիչ խոսքը ուսանելի ուղերձ էր երիտասարդ սերնդին․ նա մաղթեց աշակերտներին երբեք չբավարարվել միայն ստացածով, այլ մշտապես ձգտել նորի, վերառնել գիտելիքի ուժն ու այն կիրառել ի բարօրություն թե՛ իրենց, թե՛ համայնքի։ Նա ընդգծեց՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր համադրում են սրտի ջերմությունը և մտքի պայծառությունը։ Ապրելով սիրով, աշխատելով նվիրումով ու ապրեցնելով համերաշխությունը՝ երիտասարդները կարող են կերտել մի աշխարհ, որտեղ զանգերը ոչ միայն հնչում են ավարտի, այլ նաև նորի սկզբի համար։

    

    

    

   

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.05.2025)
Դիտումներ: 352 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar