Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանը լեցուն էր սպասումով, ուրախությամբ և մի փոքր էլ՝ անորոշությամբ։ Շուտով ավարտվելու էր նրանց կյանքում կարևոր փուլը՝ հիմնական կրթությունը։ Ավարտական վերջին դասը, որն այս տարի կազմակերպվելու է կրթամշակութային ծրագրով, նախորդվեց ավանդական դարձած «Զանգերի կախման» խորհրդանշական արարողությամբ։ Այս գեղեցիկ ավանդույթը վերածվել էր ոչ միայն անցած ճանապարհի ամփոփման պահի, այլ նաև յուրատեսակ հարթակի՝ միմյանց հանդեպ ունեցած ջերմության, երախտագիտության ու ընկերության արժեքների արտահայտման։ Հնչող մեղմ երաժշտությունը շեշտում էր՝ սա պարզապես հրաժեշտ չէ։ Սա մի դռան փակվելու, բայց նորի բացվելու պահ է՝ անցում մանկությունից դեպի պատանեկություն։ «Զանգերի կախման» պահը սրտառուչ էր բոլորի համար։ Յուրաքանչյուր զանգ, որ աշակերտը կախում էր դպրոցում, ասես գունավոր հուշ էր, պահած՝ մանկության անփոխարինելի դրվագները։ Միջոցառումը ուղեկցվեց երգով, պարով, աշակերտների կողմից պատրաստված շնորհակալական ելույթներով, որոնք ուղղված էին ոչ միայն ուսուցիչներին, այլ նաև միմյանց՝ կիսած ճանապարհի, ընկերության ու վստահության համար։ Իսկ թե որքան հագեցած ու անմոռանալի էին այս տարիները՝ վկայում էին ցուցադրված լուսանկարները, տեսանյութերը և փոքրիկ հուշագրությունները, որոնք սրահը լցրել էին ջերմությամբ ու երբեմն՝ նաև հուզմունքով։ Ժպիտներն ու արցունքները միահյուսվել էին մեկ զգացողության՝ երախտագիտության մեջ։ Դասղեկ Մարգարիտա Պետրոսյանի խոսքն իսկական ուղեցույց դարձավ նրանց համար։ Նա ոչ միայն հրաժեշտ տվեց իր սիրելի սաներին, այլև փոխանցեց խորիմաստ պատգամներ՝ երբեք չբավարարվել ձեռքբերովով, մշտապես առաջ շարժվել, արժևորել գիտելիքը ու կիրառել այն հանուն համայնքի և հայրենիքի բարօրության։ Նրա խոսքերը հիշեցում էին՝ ապագան նրանցն է, ովքեր միավորում են սրտի ջերմությունն ու մտքի պայծառությունը։ Այս օրը 9-րդ «Բ»-ի համար դարձավ մի եզակի հանգրվան՝ որտեղ զանգերը հնչում էին ոչ միայն ավարտի, այլ նաև նոր ճանապարհի՝ երազանքների ու նպատակների մեկնարկի համար։
| |
| |
Դիտումներ: 215 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |