Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները, «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ներկայացրել էին ստեղծագործական և բովանդակալից հաղորդում՝ «Իմ երազանքների Մասիսը» թեմայով։ Հաղորդման ընթացքում աշակերտներն իրենց տեսլականով և մանկական հմայքով ներկայացրել էին Մասիս լեռան գիտական, գեղարվեստական և հուզական շերտերը՝ միաձուլելով տեղեկությունը, ստեղծագործ միտքը և ազգային ոգին։ Դասը մեկնարկեց «Էրեբունի-Երևան» օրհներգով, որը խոր ակնածանքով ու հպարտությամբ լցրեց ներկաների սրտերը։ Այնուհետև ցուցադրվեցին աշակերտների կողմից նկարահանված տեսահոլովակները, ասմունքի ու երգի կատարումներ, ինչպես նաև Մասիսի շուրջ ստեղծված ավանդազրույցների բեմադրություններ, որոնք ամբողջական պատկեր հաղորդեցին հայոց սրբազան լեռան մասին՝ ամրապնդելով երեխաների գիտելիքները, ազգային ինքնագիտակցությունն ու սերը հայրենիքի հանդեպ։ Հատկապես հուզիչ էր հիշատակումը հայ մեծ գրող Հովհաննես Շիրազի մասին, որի սրտի թաղման խորհրդանշական պատկերն՝ ըստ կտակի, Մասիսի գագաթին՝ հավերժական ձյուների տակ, հուզեց թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Դասի ավարտին գրատախտակին ուրվագծված Մեծ և Փոքր Մասիսների պատկերների վրա աշակերտները սիրով ու երազանքով զետեղեցին իրենց գրավոր ցանկություններն ու իղձերը՝ ոսկեգույն թերթիկների վրա՝ որպես հավերժության խորհրդանիշ և հավատ ազգային վերածննդին։
| |
| |
Դիտումներ: 113 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |