- Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ: - Սիրում եմ մեր կլիմային ոչ բնորոշ, մերձարևադարձային բույսեր աճեցնել: Ինձ դուր է գալիս նրանց «ընտելացնել», «ենթարկեցնել»: Իմ պատուհանագոգին կողք կողքի ապրում են սուրճի և մանդարինի, ավոկադոյի և մուշմուլայի, կիտրոնի և կիվիի ծառերը: Իսկ ծաղկած կակտուսը մի արբեցնող բույր և աննման, դյութիչ հմայք ունի, թեև նրա ծաղիկը 24 ժամ էլ չի ապրում. թանկագին հյուրի պես կարճ ժամանակով գալիս-գնում է` անմոռանալի նշմար թողնելով: Իսկ մեր այգին իրենց բույրով լցնում են բազմագույն կակաչներն ու նրբիկ հովտաշուշանը, պրիմուլաներն ու ֆիզալիսը, հասմիկն ու գորիսյան բուրավետ վարդերը, յասամանն ու քաջվարդը: - Ո՞րն է երջանկության Ձեր ընկալումը։ - Երջանկությունը ժամանակավոր զգայական վիճակ է, երբ մարդը ներդաշն է ինքն իր հետ: Երջանիկ է նա, ով վստահ է, որ աշխարհում կա մեկը, և կա մի անկյուն, որի մոտ և որտեղ նա կարող է վերադառնալ անգամ այն ժամանակ, երբ կատարել է աշխարհի ամենամեծ հանցանքը, բայց իրեն ընդունելու են այնպիսին, ինչպիսին ինքը կա. սիրելու են, հասկանալու, ներելու, հավատալու: - Ձեր կյանքի ամենահիշարժան հաճոյախոսությունը կամ գնահատանքը առհասարակ։ - Ամենամեծ հաճոյախոսությունն ինձ Աստված է արել` իմ երկու երեխաների տեսքով: - Կփոխեի՞ք որևէ բան Ձեր կյանքում։ - Ես աշխարհը կփոխեի՝ ոտքից-գլուխ, մաս-մաս, հյուլե առ հյուլե, սկզբից մինչև վերջ, կետ առ կետ, Ա-ից մինչև Ֆ, Ալֆայից մինչև Օմեգա, տիրավորից մինչև անտեր, մեղավորից մինչև սրբեր, կրոնից մինչև հավատ, մուրացած խաղաղությունից մինչև պարտադրված պատերազմ, կյանքից մինչև մահ… - Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար։ Ինչպե՞ս եք փոխանցում Ձեր սաներին Ձեր ներսում եղած զգացողությունները: - Հայրենիքն իմ հոգին է ու իմ շունչը, իմ օդն է ու իմ ջուրը, գարնանը՝ փթթող ու կանչող, ամռանը՝ գերող-տանող, աշնանը՝ աննկարագրելի մեղրահամ, իսկ ձմռանը՝ ամաչկոտ, նազանքով… Իմ երակներով հայի թունդ արյուն է հոսում` փոխանցված հայ քաջերից, որոնք կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքի սահմանները: Մեծն Րաֆֆին է ասել. «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»: Եվ ես իմ սաներին սովորեցնում եմ հայության միակ հայրենիքի` ավետյաց երկիր Հայաստանի աշխարհագրությունը, խորապես ճանաչել տալիս մեր երկիրը, սովորեցնում սիրել ու հպարտությամբ ծառայել նրա բարօրությանը: Իմ հայրենիքը սարերի ու քարերի, ըմբոստ ու վիթխարի լեռների երկիր է, սիրո, հյուրընկալության, քաջության ու արիության երկիր է, հերոսների երկիր: - Եթե վերստին հնարավորություն տրվեր Ձեզ, կընտրեի՞ք արդյոք նույն մասնագիտությունը։ - Իմ մասնագիտության ընտրությունը մի ակնթարթում է կատարվել` գումարած ողջ կյանքս: - Ի՞նչն եք առանձնացնում մանկավարժի առաքելության մեջ: - Մանկավարժի առաքելությունը մաքառումների ճանապարհ է, այն հարթ չէ, այլ` ճանապարհ կառուցելու մեծ գործընթաց։ Դա անսահման ու անշահախնդիր սեր է, մեծ պատասխանատվություն երեխաների ու նրանց կրթության, նրանց ապագայի նկատմամբ։ Երեխաներին բոցավառելու համար ուսուցիչն ինքը պետք է վառվի, լույս ճառագի. սա է միակ ճշմարտությունը: Բայց ես սիրում եմ կրկնել մանկավարժների մասին կես կատակ, կես լուրջ ասված պարսկական ասացվածքը. «Եթե այնտեղ՝ վերևում, լսեին բոլոր երեխաների աղոթքները, ապա երկրի երեսին էլ ոչ մի ուսուցիչ չէր մնա»: - Կարևորու՞մ եք գեղարվեստը մանկավարժական գործունեության մեջ. ինչպե՞ս։ - Մանկավարժությունն ինքնին ստեղծագործական աշխատանք է, գիտություն՝ արվեստի ու գիտելիքի միասնության մասին: Հին հույների հանճարեղ միտքը ստեղծեց Մարդ-իդեալի՝ Կալոկագարդիայի գաղափարը, որի մեջ ներդաշնակորեն պիտի զուգակցվեն մարմինը ու հոգին, իմացությունն ու գիտելիքը, բարին և գեղեցիկը: Գեղարվեստն ու մանկավարժությունը նպատակ ունեն սովորեցնել արվեստի և կյանքի ներդաշն լինելն ու գեղեցկության օրենքները տեսնելը: Գեղագիտական ընկալումների, զգացմունքների, ճաշակի, գործունեության հիմքում մարդու գեղագիտական պահանջմունքներն են, որոնք բխում են դաստիարակության նպատակներից: - Երբևէ գրիչ առե՞լ եք Ձեր ձեռքը՝ ստեղծագործելու որևէ բնագավառում՝ գրականություն, նկարչություն, երաժշտություն… - Կարծում եմ, որ ստեղծագործելու գործընթացը չափից դուրս հետաքրքիր, բազմաշերտ, բայց և միաժամանակ շատ անձնական գործընթաց է: Հաճախ եմ գրիչ վերցնում` իմ մտքերը թղթին հանձնելու: Արվեստը տրամաբանական բացատրությունների կարիք չունի, իսկ արվեստագետը հաճախ փորձում է փնտրել անհայտը` ներթափանցելով մարդկային էության խորքերը: - Ո՞րն է Ձեր կյանքի առաջին անարդարությունը, որին բախվել եք։ Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր աշակերտներին նման իրավիճակում։ - Անարդարության, անկասկած, շատ եմ հանդիպել իմ կյանքում: «Այն, ինչը ինձ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ»,- այսպես է Նիցշեն ասել, հետո խելագարվել իր իսկ մտքերից, որովհետև դրանք զուտ գեղեցիկ խոսքեր են, բայց ոչ ճշմարտություն: Անարդարությունը սպանում է քո բարությունն ու վստահությունը, քո քնքշությունն ու անկեղծությունը, փափուկ սիրտն ու նուրբ հոգին… ոչ միանգամից, այլ կաթիլ առ կաթիլ… Հոգու խորքում մի լար է կտրվում, մի հախճապակե զանգակ է լռում, մի բարի փերի է մահանում, որը քո մի մասնիկն էր: Այնուամենայնիվ, դու սովորում ու սովորեցնում ես, թե ինչպես պատասխանել հարվածին, ինչպես դիմանալ ու պաշտպանվել… «Այն, ինչը մեզ չի սպանում, ուղղակի… անմիջապես չի սպանում»,- ես խմբագրեմ Նիցշեի բառերը: Իմ ուսանողներին և աշակերտներին սովորեցնում եմ, անկասկած, սեփական օրինակով, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել, որ պետք է մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ, որ պետք չէ լսել ոռնացող ամբոխին, այլ պետք է կանգնել ու պայքարել, եթե կարծում եք, որ ճիշտ եք, որ պետք է պատվով անցնել անհաջողության հորձանուտով, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները: | |
| |
Դիտումներ: 314 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |