Մայիսի 6-ին Գորիսի պետական համալսարանում՝ ներքին աուդիտի շրջանակում, կայացավ փորձագիտական խմբի հանդիպումը՝ «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր զուգահեռ առկա և առցանց ձևաչափերով՝ ապահովելով լայն ընդգրկում և մասնակցություն։ Ճանաչողական և վերլուծական բնույթ ունեցող քննարկման հիմնական նպատակն էր համակողմանիորեն ուսումնասիրել կրթական ծրագրի կառուցվածքը, կիրառվող ուսուցման մեթոդները, վեր հանել ուժեղ և բարելավման ենթակա կողմերը, ինչպես նաև գնահատել կրթական արդյունքները՝ համադրելով դրանք ծրագրի նախանշված նպատակների և ակնկալվող արդյունքների հետ։ Փորձագիտական խմբում ընդգրկված են ինչպես բուհի ներքին շահակիցներ, այնպես էլ արտաքին շահակիցներ՝ ապահովելով բազմակողմանի և անկողմնակալ գնահատում։ Խմբի ղեկավարն է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, խմբի կազմում ընդգրկված են «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը, համալսարանի արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ, դասախոս Նաիրա Սաֆարյանը, ինչպես նաև «Անգլերեն և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասատրյանը։ Հանդիպումները, որոնք անցկացվեցին հարցուպատասխանի ձևաչափով՝ բաց ու արդյունավետ շփման մթնոլորտում, վարում էր ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը։ Քննարկման ընթացքում հատկապես կարևորվեցին ուսանողակենտրոն մոտեցումները, կրթական միջավայրի շարունակական բարելավումը և շրջանավարտների հետ հետադարձ կապի ամրապնդումը։ Այս ձևաչափով կազմակերպվող ներքին աուդիտները նպաստում են համալսարանի կրթական ծրագրերի որակի բարձրացմանն ու շարունակական զարգացմանը։
| |
| |
Դիտումներ: 121 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |