- Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ մարտահրավերը, և ինչպե՞ս եք այն հաղթահարել։ - Իմ ամենամեծ մարտահրավերը եղել է ինքս ինձ հավատալը։ Չէ՞ որ ամենաբարդ պայքարները հաճախ ընթանում են մեր իսկ մտքի սահմաններում։ Երբ սրտում կար երազանք, բայց գլխում շշնջացող ձայներ կասկած էին տարածում՝ «գուցե ոչ հիմա», «իսկապե՞ս կկարողանաս»։ Բայց ես քայլել եմ՝ վախենալով, բայց քայլել։ Երբ կասկածել եմ՝ շնչել եմ խորապես ու սկսել նորից։ Երբ փորձել եմ փախչել՝ կանգ եմ առել ու տեսել, որ առաջ գնալու միակ տարբերակը նորից ես եմ։ Ու այդ ճանապարհի մի գեղեցիկ ու պատասխանատու հանգրվան դարձավ ուսուցչությունը՝ մասնագիտություն, որը պահանջում է ամեն օր ինքնակազմակերպում, ինքնաուսուցում, ինքնահավատում։ Հենց այդ ընտրության մեջ ես հաղթահարեցի ինքս ինձ՝ վերածելով ներքին երկխոսությունները ներքին վստահության։ - Ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված Ձեր կյանքը, և ինչպես են դրանք օգնել ձեզ դժվար պահերին։ - Ես չեմ ունեցել սկզբունքների ցուցակ՝ կահավորված ճշմարտություններով։ Իմ սկզբունքները աճել են ինձ հետ՝ դանդաղ, փորձերով։ Բայց եթե մի բանում երբեք չեմ փոխվել, ապա դա մարդ մնալն է։ Որքան էլ բարդ լինի, որքան էլ խառնվածքդ պայթունային լինի, որքան էլ կյանքը քեզ հաճախ լռություն պարտադրի՝ ես չեմ լռել, բայց նաև չեմ վիրավորել։ Այդ նուրբ սահմանը պահելը ինձ համար սկզբունք է՝ չվնասել ո՛չ ուրիշին, ո՛չ ինքդ քեզ։ - Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը կամ ժանրը։ - Իմ սիրելի ֆիլմերը երբեք պարզապես «դիտած» չեն լինում։ Դրանք ապրված են։ Ու հաճախ այդ ապրելը սկսվում է գրքից։ Սիրում եմ նախ կարդալ, տառերի արանքով շարժվել, զգալ կերպարների շնչառությունը, մտնել նրանց ներսը՝ բառ առ բառ, տող առ տող։ Ու հետո, երբ տեսնում եմ այդ պատմությունը՝ կինոէկրանին, հասկանում եմ՝ աշխարհը կարող է ունենալ երկու դեմք՝ գրքայինն ու կինեմատոգրաֆիկը։ Եթե դրանք չեն հակասում, եթե լրացնում են իրար՝ ես ընդունում եմ այդ ֆիլմը որպես ճշմարիտ արվեստ։ Ես նախընտրում եմ ֆիլմեր, որտեղ մարդու արժանապատվությունն ավելի բարձր է, քան վերջաբանը։ «Պատվի համար» տեսակի ֆիլմեր եմ սիրում՝ որտեղ հերոսի կերպարն արժևորվում է իր լռությամբ, իր համոզմունքով, իր նայվածքով։ Սիրում եմ «Քաոս»–ի նման ժապավեններ, որտեղ հարթ սյուժե չկա, բայց կան ճկուն խոհեր, խեղդող լռություններ ու խեղճանալու աստիճանի մարդկայնություն։ - Ինչպե՞ս եք արձագանքում քննադատությանը, և ո՞րն է Ձեր մոտեցումը դրան։ - Եթե քննադատությունը կառուցողական է՝ շնորհակալությամբ եմ ընդունում, իսկ եթե ոչ՝ սովորել եմ զտել բառերից միայն այն, ինչ կարող է օգնել ինձ աճել։ Իմ մոտեցումը պարզ է՝ զարգանալու համար պետք է ունկնդրել, բայց չկորցնել քո իսկ ձայնը։ Քննադատությունը ինձ համար ոչ թե դատավճիռ է, այլ հայելի։ Պետք է իմանաս երբ նայել, ու երբ շրջվել։ - Ո՞ր արժեքներն եք ամենաշատը կարևորում մարդկանց մեջ։ - Ինձ համար ամենակարևորն անկեղծությունն է՝ ոչ ցուցադրական, ոչ բարձրաձայն, այլ հոգու խորքից եկող։ Երբ մարդը քեզ հետ է առանց դեր խաղալու։ Երբ աչքերը չեն խաբում, իսկ բառերը ծեփված չեն տպավորություն թողնելու համար։ Գնահատում եմ հոգու ջերմությունը։ Սրտացավ լինելը ինձ համար թանկագին հատկություններից է։ Երբ մարդը զգում է ուրիշի վիշտը, նկատում է լռությունը, արձագանքում՝ սրտով։ Իսկ ամենաբարդ, բայց ամենագեղեցիկ արժեքներից մեկն եմ համարում հանդուրժողականությունը։ Երբ մարդը չի փորձում վերափոխել ուրիշին իր չափով, այլ ընդունում է նրա տարբերությունը՝ առանց դատելու, առանց բարձր կանգնելու։ - Ո՞րն է այն բաղադրատոմսը, որը միշտ օգտագործում եք խոհանոցում։ - Իմ խոհանոցը բաղադրատոմսերից դուրս մի վայր է։ Այն հիշողություններով լի տեղ է՝ որտեղ եփվում են ոչ միայն ճաշեր, այլև հուշեր։ Բայց կա մի բաղադրատոմս, որ սիրով եմ պատրաստում` մայրիկիս բաղադրատոմսով տոլման։ Նրա բաղադրությունը գրի առած չունեմ, բայց պահել եմ՝ համի հիշողությամբ։ Ամեն անգամ, երբ պատրաստում եմ, լսում եմ նրա ձայնը գլխումս՝ «հիմա մի պտղունց էլ սեր»։ Իսկ իմ չրերը… Դրանք իմ ձեռքով չորացրած արևահամ պատմություններ են։ Ամռան արևը ես չեմ պահում լուսանկարի մեջ, ես այն պահում եմ չրի տեսքով՝ գունեղ, բուրավետ, օրերի հիշողություններով։ Դրանք սեղանի մի անկյունում են, բայց իրենց լուռ լեզվով պատմում են այգու պատմությունը, աշխատանքի ուրախությունը և սիրով պատրաստելու պահերը։ - Ո՞րն է այն խորհուրդը, որը կտայիք Ձեզ պատանի տարիներին։ - Կասեի. «Համբերատար եղի՛ր։ Հասկանում եմ, դու չես սիրում սպասել, չես սիրում լռել, բայց հավատա՝ կյանքը խոսում է հենց այդ պահերին։ Սպասման մեջ ուժ կա, իսկ լռության մեջ՝ պատասխաններ։ Հաճախ դրանք ավելի հստակ են, քան բոլոր բարձրաձայնված ճշմարտությունները»։ - Ո՞րն է այն խորհուրդը, որը Ձեզ տվել են և որը միշտ հիշում եք։ - Կյանքիս ամենադժվար պահերից մեկում լսեցի մի խորիմաստ խորհուրդ. «Երբ այլևս չգիտես ինչ անել, երբ ուժդ չի բավարարում, մի մոռացիր՝ միշտ կարող ես բարձրացնել աչքերդ երկինք և աղոթել։ Աղոթքը երբեք չի ուշանում»։ Այս խոսքերը մնացին սրտիս մեջ ու դարձան իմ ներքին ուղեցույցը։ Կյանքում բոլոր փորձությունների ընթացքում սովորել եմ, որ կան իրավիճակներ, երբ մարդկային ուժը պարզապես բավարար չէ, երբ միայն աղոթքի խաղաղությունն է օգնում նորից հավաքել ինքդ քեզ, նոր ուժ ստանալ։ - Եթե հնարավորություն ունենաք փոխել միայն մեկ բան աշխարհում, ի՞նչ կընտրեք և ինչու։ - Կվերադարձնեի մարդկանց սրտերին հավատը՝ միմյանց, ապագայի ու լավի նկատմամբ։ Շատերն այսօր ապրում են առանց հավատալու՝ թե սիրուն, թե արդարությանը, թե նույնիսկ ինքնիրենց։ Բայց երբ սրտում բույն չի դրել հավատը, անգամ լույսն է թվում կասկածելի։ Հավատն այն լուռ ուժն է, որ մարդուն բարձրացնում է իր փլուզումներից, ներշնչում է չհանձնվել ու տեսնել հնարավորությունը՝ անկարելիի մեջ։ Եթե մարդն ունենա հավատ, նա կգտնի ճանապարհ՝ անգամ խավարի միջով։ Ես կուզեի մի աշխարհ, որտեղ մարդիկ նորից սկսեն հավատալ… ու ապրել ամբողջությամբ։ - Եթե հնարավորություն ունենայիք մեկ օր անցկացնել այնպես, ինչպես միշտ ցանկացել եք, ո՞ր գործողությունները կընտրեիք։ - Ես կսկսեի իմ օրը հոգևոր հանգստությամբ ու լռությամբ՝ եկեղեցի այցելելով, հոգիս խաղաղեցնելով աղոթքով և լույս վառելով։ Դրանից հետո գրկել երեխաներիս՝ առանց բառերի, միայն սրտի տաք շշնջոցներով ու ժպիտներով։ Նորից զգալ նրանց ներկա լինելը, համբուրել նրանց, ապրել մի պահ, երբ աշխարհն ընդմիշտ դադարում է աղմկել։ Այդ օրը կանցկացնեի նրանց կողքին՝ սիրով ու գրկաբաց, առանց խառնաշփոթի ու շտապողականության, մի օր, որ կպահեմ սրտիս խորքում՝ որպես իմ կյանքի ամենագեղեցիկ նվերը։ | |
| |
Դիտումներ: 128 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |