«Իմ կանաչ դպրոցը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Իմ կանաչ դպրոցը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը, «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մերի Մկրտչյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Եվա Հովսեփյանը, Մարիամ Սարգսյանը, Էնրի Յոլյանը, Ավետ Մալինցյանը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Ալեքս Սահակյանը, Վագիֆ Շահինյանը, Արթուր Ալումյանը, Լիլի Մալինցյանը, Գոռ Խաչունցը, Էդիկ Ստեփանյանն ու Հարութ Աղաջանյանը:

Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները

  • իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
  • կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
  • մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.
  • գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.
  • ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ
  • ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
  • ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
  • դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.
  • ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.
  • ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն:

Նախագծային մեթոդը կրթակարգի գործիմացության կարևորագույն միջոցներից է: Հանդիսանալով ուսուցման նորարարական մոտեցում՝ որպես կրթության գործնական-կողմնորոշիչ մեթոդաբանություն, նախագծային ուսուցումը լայն ճանաչում և կիրառություն է գտել ողջ աշխարհում։

  

Նախագծային ուսուցմումը ենթադրում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացում և սովորողների ակտիվության բազմապիսի ձևերի խթանում: Լինելով 21-րդ դարի նորագույն մանկավարժական տեխնոլոգիաներից` նախագծային մեթոդը թույլ է տալիս անհատականացնելու ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության պլանավորման հարցում, տեխնոլոգիա է, որը ներառում է բազմաթիվ այլ մեթոդներ, նպաստում է հետաքրքրությունների առաջացման և դրանց բավարարման ճանապարհների մշակմանն ու հաղթահարմանը: Դպրոցականների մեջ ստեղծվում է կարևոր նախադրյալներ` ձևավորելու և զարգացնելու համար թե´ առարկայական կարողությունները, թե´ ընդհանուր ուսումնական կարողություններ:

Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքների թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Իմ կանաչ դպրոցը», որն իրականացվել է 7-րդ «Ա», 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարանի աշակերտների կողմից: Նախագծի աշխատանքային թիմն ընթացքում համալրվել է երկու աշակերտներով (Աղաջանյան Հարութ` 7-րդ «Գ» դասարան,  Շահինյան Վագիֆ` 7-րդ «Բ» դասարան):

Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է 2023թ.-ի սեպտեմբերի 25-ին և ավարտվել 2024թ.-ի մայիսի 6-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել մայիսի 10-ին: 

  

Նախագծային աշխատանքի փուլերը՝

  1. Նախագծային աշխատանքի սկզբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, գնահատվել է կանաչապատման կարիք ունեցող հատվածների նախնական վիճակը: Եվա Հովսեփյանը,  Էնրի Յոլյանը տեղեկություններ են  հավաքագրել հողերի, դրանց հարստացման մասին: Ավետ Մալինցյանը, Լիլի Մալինցյանը տեղեկություններ են  հավաքագրել նախկինում իրականացված աշխատանքների մասին: Արթուր Ալումյանը,  Ալեքս Սահակյանը ղեկավարել են աշխատանքային գործընթացը: Էդիկ Ստեփանյանը,  Եվա Ղևոնդյանը հավաքագրել են մշակաբույսերի և նրանց մասին տեղեկություններ: Գոռ Խաչունցը հայթայթել է բույսեր, սածիլներ և սերմեր: Հարութ Աղաջանյանը և  Վագիֆ Շահինյանը միացել են Արթուրի և Ալեքսի աշխատանքային խմբին: Խմբի բոլոր աշակերտները մասնակցել են աշխատանքային գործընթացին, միասնական ուժերով կանաչապատել են դպրոցամերձ այգին:
  2. Հերմինե Ալավերդյանը, Մարինե Բաբայանը, Մերի Մկրտչյանը համատեղ կազմակերպել և  վերահսկել են նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը:
  3. Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 2-3 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:

Ամփոփիչ փուլ

  • նախագծային գործունեության արդյունքների ամփոփում և գնահատում (արդյունքների խմբային գնահատում (փոխադարձ -ձևավորող)),
  • խմբի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ինքնագնահատում,
  • արդյունքների գնահատում (ուսուցանող, միավորային)

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Հատկապես աշխատանքային գործընթացում հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Երբեմն աշխատանքներին միացել են նաև դպրոցի բարձր դասարանների աշակերտները` օգնելով յոթերորդցիներին ֆիզիկական առավել ծանր աշխատանքներում:

Ակնհայտ է, որ երբ սովորողները գործն անում են իրենց ցանկությամբ, աշխատում են սիրով, համբերատարությամբ, համագործակցելով: Արդյունքում ձևավորվել է մի աշխատանքային խումբ, որի նախաձեռնությամբ այս նախագիծը շարունակվելու է նաև հաջորդ ուսումնական տարում` էլ ավելի ընդլայնելով այգու սահմանները:

Չնայած ամեն պահի ծագած դժվարություններին` խումբը համագործակցել է և խնդիրներին հարմար լուծումներ տվել:

  

Եվա Հովսեփյանն ու Էնրի Յոլյանը հավաքագրել են կանաչապատման կարիք ունեցող հատվածների նախնական վիճակի, հողերի, դրանց հարստացման մասին տեղեկություններ, բայց օգնել են նաև այգու բարեկարգման, ավելորդ խոտաբույսերից ազատելու, հողի պարարտացման աշխատանքներին: Իրենց կատարած աշխատանքի մասին նրանք մանրամասն ներկայացրել են պաշտպանության ժամանակ: Մասնակցել են Վարարակ գետից խճաքարերի բերման աշխատանքներին:

Ավետ Մալինցյանը, Լիլի Մալինցյանը հավաքագրել են նախկինում իրականացված աշխատանքների մասին տեղեկությունները: Ուսումնասիրությունների, զրույցների արդյունքում նրանք պարզել են, որ հենց ընտրված տարածքի հողն է առավել բարենպաստ կանաչապատ այգի ստեղծելու համար, որ այդ հողի մի մասը բերված է եղել անտառից և, հետևաբար, հումուսով ավելի հարուստ է: Ավետն ու Լիլին նույնպես մասնակցել են Վարարակ գետից խճաքարերի բերման աշխատանքներին:

Արթուր Ալումյանը, Ալեքս Սահակյանը ղեկավարել են աշխատանքային գործընթացը:

Հարութ Աղաջանյանը և Վագիֆ Շահինյանը միացել են աշխատանքային խմբին և ամբողջությամբ ներգրավվել գործընթացում: Նրանք ընտրել են աշխատանքային գործիքները, մաքրել, ապա փխրեցրել հողը, ընտրել տնկիները, կատարել ձևավորման աշխատանքներ:

Էդիկ Ստեփանյանը, Եվա Ղևոնդյանը հավաքագրել են տեղեկություններ մշակաբույսերի և մասին: Եվան այգու համար իրենց տնամերձ հողամասից եղևնու փոքրիկ տնկի է բերել, որի շուրջը և հավաքվել է փոքրիկ կոմպոզիցիան:

Գոռ Խաչունցը  հայթայթել է բույսեր, սածիլներ և սերմեր: 

Եվա Հովսեփյանի մոտ նախագծային աշխատանքի արդյունքում ձևավորվեց գեղագիտական վերաբերմունք բնության, նրա առանձին տարրերի նկատմամբ: Նա դրսևորեց իրեն որպես աշխատանքների լավ կազմակերպիչ:

Էնրի Յոլյանը սկսեց ավելի մտերմիկ շփվել իր հասակակիցների հետ, ձեռք բերեց թիմում աշխատելու կարողություններ, աշխատանքային կոնկրետ հմտություններ, ցուցաբերվեցին նրա անձնային բարձր որակները, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը:

Ավետ Մալինցյանի մոտ զարգացան հաղորդակցվելու, թիմում աշխատելու, շփվելու, իրեն հանձնարարված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու ունակություններ: Նա սովորեց պնդել սեփական կարծիքը` հաշվի առնելով նաև ընկերների ասածները:

Լիլի Մալինցյանը կարողացավ իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար, սովորեց աշխատել հողի հետ, ձեռք բերեց աշխատանքային ունակություններ:

Արթուր Ալումյանն իրեն ցույց տվեց որպես լավ աշխատանքային ընկեր` ունակ աշխատելու և համագործակցելու: Նա սկսեց ճանաչել տարբեր ծաղիկները, սածիլները, հիշեց նրանց անունները:

Ալեքս Սահակյանը դարձավ ավելի պարտաճանաչ, պատասխանատու իր վարքագծի համար, սովորեց աշխատել թիմով:

Հարութ Աղաջանյանը ձեռք բերեց նոր ընկերներ, արժևորեց աշխատանային կարողությունները:

Վագիֆ Շահինյանը սկսեց վստահել ընկերներին, սովորեց համագործակցել, մոտ ձևավորվել է ինքնուրույն ճանապարհով ձեռք բերած գիտելիքները համակարգելու կարողություն:

Էդիկ Ստեփանյանի մոտ ձևավորվեց հարգալից վերաբերմունք ընկերների հանդեպ, հստակ երևացին նրա մարդկային որակները: Աշխատանքային գործընթացում նա դրսևորվեց որպես թիմի շատ ակտիվ անդամ`պատասխանատու  սեփական մտքերի և արարքների համար: 

Եվա Ղևոնդյանն իրեն ցուցաբերեց որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ, թիմի անդամ: Արդյունքում նրա մոտ ձևավորվեց իր սեփական աշխատանքը ներկայացնելու հմտություն:

Գոռ Խաչունցը նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է բանավիճել ընկերների հետ, լսել տարբեր կարծիքներ, դառնալ ավելի հանդուրժող: Նրա մոտ դրսևորվել են բնավորության հետաքրքիր հատկանիշները, ինքնաքննադատական մտածողությունը:

  

Քննարկման արդյունքում ընտրվել են կակաչների, նարցիսների, մանուշակների, պրիմուլաների սածիլներ, որոնք առավել հարմարված են Գորիսի կլիմայական առանձնահատկություններին, հողային պայմաններին:

Ամբողջ թիմը գրեթե ամեն օր ջրում է տնկված սածիլները, ծաղիկները, խնամում այգին:

Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ նախագծի ավարտից հետո էլ, բնականաբար, անհրաժեշտ է լինելու ամենօրյա համառ ու շարունակական աշխատանք, որպեսզի մեր այգին չկորցնի իր հմայքը և դառնա մեր դպրոցի գեղեցիկ ու գրավիչ անկյուններից մեկը: Հետագայում նախատեսել ենք այգու ցանկապատում, փոքրիկ սեղան-նստարանի տեղադրում և շատ ուրիշ հետաքրքիր գաղափարներ, որոնք, համոզված ենք, որ կյանքի են կոչվելու հաջորդ ուսումնական տարում:

Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ ներկայացրել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունները, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված:

Ղեկավարներից յուրաքանչյուրը աշակերտների հետ ունեցել է 4-ական հանդիպում, որոնց ընթացքում ուղղորդել են նրանց, վերահսկել ամբողջ աշխատանքը:

Նախագծին մասնակցող աշակերտները շատ տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսն ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու:

Նախագծի մեջ սեփական ցանկությամբ ընդգրկվել են նաև ԿԱՊԿ ունեցող 3 աշակերտ, որոնք դրսևորել են իրենց որպես աշխատանքային գործընթացի ղեկավարներ, ամբողջությամբ իրենց ձեռք են վերցրել շատ աշխատանքներ, համագործակցել խմբի անդամների հետ:

  
 

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.05.2024)
Դիտումներ: 488 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar