|
Դեկտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ աշխատանքային քննարկում՝ ներառական կրթության բաժնի աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկումը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև դպրոցի տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Աշխատանքային քննարկման ընթացքում ներառական կրթության բաժնի պատասխանատու Արփինե Ծատրյանը ներկայացրեց 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների համապարփակ հաշվետվությունը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց ԱՈՒՊ-ների և դիտարկման թերթիկների լրացման ընթացիկ վիճակին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) սովորողների հետ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին։ Ուսուցչի օգնականներն ու հատուկ մանկավարժը ներկայացրին առաջին կիսամյակի ընթացքում իրենց գործունեությունն ու ձեռքբերումները։ Քննարկման ընթացքում ուշադրություն դարձվեց նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով (ՈՒԴԱՏՊ) նախատեսված այն միջոցառումներին, որոնք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների արդյունավետ ներառմանը և կրթական միջավայրի շարունակական բարելավմանը։ Հանդիպման ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց ներառական կրթության բաժնի ողջ անձնակազմին՝ պատասխանատու և նվիրված աշխատանքի համար, առանձնակի ընդգծելով բաժնի պատասխանատու Արփինե Ծատրյանի կողմից իրականացված ծավալուն և հետևողական գործունեությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 116 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



