ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 22-ի № 10-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի № 388-Ն հրամանում, որում հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը։
Հրամանի մեջ նշվում է․
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի՝
1) Նախաբանից հանել ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի» բառերը,
2) վերնագրում և 1-ին կետում «Ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «Հանրակրթական ուսումնական հաստատության» բառերով,
3) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև հավելվածի՝
1) 20-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի ուժի մեջ մտնելը Բնագիտության («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) ավարտական քննությունը անցկացվելու է գրավոր,
2) 59-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը մանկավարժական խորհրդում քննարկել ուսումնական տարվա ընթացքում սովորողի՝ դասերից 120-200 ժամ բացակայած լինելու դեպքում,
3) 60-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ,
4) 62-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 2-11-րդ դասարաններում որևէ կիսամյակում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում 120-200 ժամ բացակայած սովորողների կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն։ Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների թեմաներն ընտրվում են տվյալ կիսամյակի ուսումնական նյութերից,
5) 63-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած սովորողների բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են տվյալ ուսումնական տարվա երկու կիսամյակների ուսումնական նյութը ներառող լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` համաձայն հավելվածի,
6) 64-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա,
7) 65-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած սովորողները տվյալ ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական պարապմունքների ավարտն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Մայրենի» (ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ «Մայրենի լեզու և գրականություն», «Ասորերեն», «Ռուսաց լեզու»), «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ տվյալ ուսումնական տարվա համար հաստատած ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք,
8) 66-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 12-րդ դասարանի առաջին կիսամյակում 120-200 ժամ բացակայած սովորողը մինչև հունվար ամսին անցկացվող պետական ավարտական քննությունների սկիզբը լրացուցիչ քննություններ է հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք,
9) 67-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 120-200 ժամ բացակայած սովորողը լրացուցիչ քննություններ հանձնում է այն առարկաներից, որոնք ընտրել է,
10) 68-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 2-8-րդ, 10-11-րդ, ինչպես նաև 19 տարին չլրացած 9-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայած սովորողները չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
11) 69-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 12-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողները դուրս են մնում Հաստատությունից:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն հրամանի հավելվածի 59-60-րդ, 62-69-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից»։
Վերոնշյալ կարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ |