ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 9 խմբակների ծրագրերը

ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 9 խմբակների ծրագրերը։ Դպրոցի ուսուցիչների կողմից մշակվել և նախարարություն են ներկայացվել «A B C», «Խոսքի զարգացում», «Վարսավիրություն», «Հեքիաթների աշխարհում», «Հայ կինո», «Թատրոն», «Հմուտ ձեռքեր» (տղաների), «Ընթերցանություն և ասմունք» և «Տեղեկատվության անվտանգություն և մեդիագրագիտություն» խմբակների ծրագրերը, որոնք «Անգլերեն», «Մայրենի», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա», «Արվեստ», «Հայ գրականություն» և «Տեխնոլոգիա» (տղաների) առարկաներից են։

Ներկայացված և երաշխավորված արտադասարանական խմբակների ծրագրերի թվում է նաև արհեստագործական ուղղվածություն ունեցող «Վարսավիրություն» խմբակի ծրագիրը, որը հնարավորություն կտա դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներին տիրապետել վարսավիրության հիմնական սկզբունքներին, հմտություններին ու կարողություններին։

Վերոնշյալ խմբակների ծրագրերը և նախորդ ուսումնական տարվա ընթացքում երաշխավորված խմբակների ծրագրերը կկիրառվեն 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում։

Հաջորդ ուսումնական տարվա համար ևս նախատեսվում է ԿԶՆԱԿ ներկայացնել «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա», ինչպես նաև մի քանի այլ առարկաներից խմբակների ծրագրեր՝ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությունը ստանալու նպատակով:

Նշենք նաև, որ նախարարության կողմից խմբակների երաշխավորված ծրագրերը այլ հաստատությունները կարող են օգտագործել առանց լրացուցիչ հաստատման:

Հավելենք, որ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 8 խմբակների ծրագրերը։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում դպրոցի ուսուցիչների կողմից մշակվել և նախարարություն էին ներկայացվել «Ազգային երգ ու պար», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» (տղաների) և «Տեխնոլոգիա» (աղջիկների) առարկաների գծով խմբակների ծրագրեր։

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 17 խմբակների ծրագրերը և դրանց հետ կապված հրամանները կարող եք գտնել դպրոցի կայքի «Խմբակների երաշխավորված ծրագրեր» բաժնում։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.07.2023)
Դիտումներ: 1900 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar