Հունվարի 31-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել է ուսումնական տագնապ և տարհանում՝ կրթական հաստատության անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով: Շչակի ազդարարումից անմիջապես հետո դպրոցի աշխատակազմն ու աշակերտները տարհանվեցին 2 րոպե 43 վայրկյանում։ Ազդանշանից հետո դպրոցի աշխատակազմն ու աշակերտները, հետևելով անվտանգության կանոններին, ըստ նախապես մշակված պլանի, արագ ու կազմակերպված կերպով դուրս եկան շենքից: Անձնակազմի և աշակերտների հետ պարբերաբար իրականացվում են հանդիպումներ և ուսումնական տարհանում, ինչն օգնում է, որ յուրաքանչյուր դասարան և աշխատակից տեղյակ լինի տագնապի դեպքում իր գործողությունների հերթականությունից։ Ու թեպետ միջանցքներում կատարյալ իրարանցում ու խուճապ էր, այնուհանդերձ, ինչպես ավելի ուշ փաստեց ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի «Գորիս» տարածքի կենտրոնի առաջին կարգի մասնագետ Անի Արշակյանը, դպրոցի սաներն ապացուցեցին, որ կարողանում են տեսականը հաջողությամբ կիրառել գործնականում։ Դպրոցի զինղեկ, քաղպաշտպանության շտաբի պետ Արտուր Հովսեփյանը քաղպաշտպանության պետին՝ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանին զեկուցեց իրականացրած գործողությունների մասին։ Քննարկվեց իրադարձությունների ընթացքը, կատարվեց ամփոփում և հայտարարվեց վարժանքի ավարտը: Ուսումնական տագնապի նպատակն էր փորձարկել աշակերտների զգոնությունը, «ՆԶՊ» առարկայի և «Առողջ ապրելակերպ» խմբակի դասերին ձեռք բերած գիտելիքները ստուգել գործնականում, համոզվել՝ արդյո՞ք դպրոցի սաները ուսումնական տագնապների ժամանակ պահպանում են հավասարակշռությունն ու նման իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։ Հավելենք, որ աշակերտները «ՆԶՊ» առարկայից և «Առողջ ապրելակերպ» խմբակից ուսումնասիրում են տարհանման մասին թեմաներ և ստացած գիտելիքները կարողացան կիրառել գործնականում։
| |
| |
Դիտումներ: 449 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |