«Մառախլապատ եղանակներին օդի մեջ յուրահատուկ ու անբացատրելի բույր եմ զգում, որն ինձ նույնպես տանում է մանկություն»․Արփինե Ծատրյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի տասներորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչի օգնական Արփինե Ծատրյանի հետ է։

- Ո՞րն է Ձեր մանկության համն ու ուտեստը, որը մինչ այժմ պատրաստում եք։

- Կարծիք կա, որ մանկության համերը ժամանակի և տարիքի հետ բթանում են միջավայրային մի շարք գործոնների հետ կապված: Մանկությունից մնացած համեր շատ ունեմ,  սակայն ամենավառ համերից մեկը տատիկիս պատրաստած կաղամբով և սերկևիլով տոլմայի համն  է, որն ինքս էլ երբեմն պատրաստում եմ: Կաթսայից արձակված դեռ կիսաեփ ուտելիքի բույրն ինձ միշտ տանում է մանկություն: Մանկության համերից զատ, ունեմ նաև մանկության բույրեր, օրինակ՝ մառախլապատ եղանակներին օդի մեջ յուրահատուկ ու անբացատրելի բույր եմ զգում, որն ինձ նույնպես տանում է մանկություն:

- Ինչպե՞ս եք ապահվում հավասարակշռությունն ընտանիքի և աշխատանքի միջև:

- Բարեբախտաբար աշխատանքային գրաֆիկս բավականին թեթև է, հետևաբար առանձնապես չեմ դժվարանում պահել այդ հավասարակշռությունը, մանավանդ, որ երեխաներս արդեն բավականին մեծ են և ինքնուրույն: Սակայն ավելի քան համոզված եմ, որ առօրյան ճիշտ կազմակերպելու և պլանավորելու դեպքում, ինչքան էլ որ աշխատանքային օրը հագեցած լինի,  մեկը մյուսին չի խանգարի: Պարզապես պետք է ամեն բան թողնել իր տեղում՝ աշխատանքի վայրում՝ աշխատանքային խնդիրները, տանը՝ տնային հոգսերը:

- Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել։ Կա՞ որևէ երգ, որն առանձնակի ազդեցություն է ունեցել Ձեր կյանքում։

- Առհասարակ նախընտրում եմ դասական հանդարտ և խաղաղ երաժշտություն, բայց տրամադրությունից կախված կարող եմ նաև ռիթմիկ երաժշտություն լսել: Տարբեր երգերի հետ կապված ունեմ բազում հիշողություններ դպրոցական և համալսարանական տարիներից: Դժվարանում եմ հիշել որևէ երգ, որն առանձնապես ազդեցություն է ունեցել իմ կյանքում:

- Եթե որոշեիք փոխել Ձեր մասնագիտությունը, ո՞րը կլիներ Ձեր ընտրությունը։

- Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և ինձ չեմ պատկերացնում այլ ոլորտում, սակայն ժամանակի պահանջներին համապատասխան, միգուցե ընտրեի այլ մասնագիտություն:

- Ինչպե՞ս եք գնահատում ընկերության դերը Ձեր կյանքում: Ի՞նչ արժեքներ եք կարևորում ընկերների միջև։

- Իմ կարծիքով ընկերությունը բարդ հասկացություն է, որը կառուցվում է մի շարք հատկանիշների և արժեքների վրա, որոնք էլ իսկական ընկերությունը դարձնում են յուրահատուկ ու կարևոր: Ընկերության մեջ կարևոր է անկեղծությունն ու նվիրվածությունը: Կարծում եմ, որ ամենևին էլ պարտադիր չէ, որպիսզի ընկերները միմիյանց հետ հաճախ շփվեն, իրական ընկերները կարող են տարիներով չհանդիպել, սակայն դա չի խանգարի նրանց, «ընկեր» բառը լսելիս, ակամայից միմյանց հիշել:

- Ինչպե՞ս եք աջակցում այն աշակերտներին, որոնք կորցրել են ուսումնական մոտիվացիան:

- Հիմնականում աջակցում եմ այնպիսի աշակերտների, որոնց մոտ ուսումնական մոտիվացիա գրեթե չկա: Իհարկե դժվար է, բայց փորձում եմ գտնել աշակերտի ուժեղ կողմերը և հենվել դրանց վրա: Երեխային լավ ճանաչելու, և, որ ավելի կարևոր է նրան սիրելու դեպքում, ամենաթույլ աշակերտն անգամ ցույց կտա այն կողմերը, որոնց վրա հենվելով, թեկուզ փոքր քայլերով, կարելի է առաջ շարժվել:

- Ինչպիսի՞նն եք Դուք խոհանոցում, որո՞նք են Ձեր սիրելի բաղադրատոմսերը:

- Սիրելի բաղադրատոմսեր շատ ունեմ, սիրում եմ պատրաստել, ինչպես ասում են՝ եփել-թափել: Ինքս նախընտրում են թեթև ուտեստներ՝ բանջարեղենային աղցաններ, ծովամթերք: Առավել հաճախ պատրաստում եմ ոչ թե իմ, այլ ընտանիքիս սիրելի ուտեստները: Երեխաներս ասում են, որ իրենց համտեսած ամենահամեղ ճաշատեսակներն ու խմորեղեններն իմ պատրաստածներն են։ Կարծում եմ՝ ինչպես ցանկացած երեխայի համար իր մայրիկինը:

- Ո՞ր ժանրի ֆիլմերն եք սիրում, ո՞ր ֆիլմը խորհուրդ կտայիք դիտել մեր ընթերցողին:

- Առհասարակ շատ եմ սիրում հեռուստացույց և օրվա գոնե մեկ ժամը, սուրճի բաժակով, փորձում եմ անցկացնել հեռուստացույցի առջև: Անչափ սիրում եմ ու հազարերորդ անգամ կարող եմ դիտել հայկական ֆիլմերը, անգամ արտադասարանական խմբակ եմ վարում, որը կոչվում է «Հայ կինո»: Գերագույն հաճույքով դիտում եմ պատմական՝ իրական փաստերի հիման վրա նկարահանված ֆիլմեր, իսկ ընթերցողին խորհուրդ կտայի դիտել մի քանի մասից բաղկացած «Հատելով Ատլանտիանը» ֆիլմը:

- Ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր գործընկերների հետ:

- Ընդհանրապես կոնֆլիկտային մարդ չեմ: Դեռ մանկուց չեմ հիշում որևէ իրավիճակ կամ կոնֆլիկտային միջադեպ, որի մեջ հայտնված լինեմ: Բոլոր գործընկերներիս հետ ունեմ աշխատանքային գերազանց հարաբերություններ:

- Նշեք Ձեր երազանքների երկիրը, որտեղ կուզեիք լինել ընտանիքի հետ, և ինչո՞ւ այդ երկիրը։

- Շատ եմ սիրում Իտալիան: Եթե ինձ երբևէ ընտրության հնարավորություն տրվի այցելել որևէ եվրոպական երկիր, ապա անպայման կընտրեմ Իտալիան: Մասնավորապես կցանկանայի լինել Հռոմում և Վենատիկում: Կուզենայի նույնիսկ ընտանիքիս հետ մի որոշ ժամանակ այնտեղ բնակվել: 

Իտալիայի ընտրության հետ կապված չգիտեմ, չեմ կարող որևէ առանձնահատկություն նշել, քանի որ դեռ չեմ եղել այնտեղ, սակայն ինձ շատ հոգեհարազատ և մոտ է իտալական մշակութը՝ երաժշտությունը, ֆիլմերը, կոլորիտային ճարտարապետությունը:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.02.2025)
Դիտումներ: 264 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar