Հայրենիքը ճանաչելու ճանապարհին․ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ»-ի ուսուցանող շրջագայությունը Վայոց ձորում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտներն իրենց ծնողների ուղեկցությամբ Վայոց ձորի գողտրիկ բնության գրկում անցկացրին հիշարժան ու հարստացնող օր:

Ուսումնական-ճանաչողական շրջագայության ընթացքում նրանք այցելեցին Հայաստանի պատմաճարտարապետական գոհարներից մեկը՝ Նորավանքի վանական համալիրը, որը եզակի է իր շքեղ զարդանախշերով և ժայռերի գագաթին թառած դիրքով։ Այնուհետև աշակերտները եղան Արենիի քարանձավում՝ հնագույն գինեգործական համալիրում, որն աչքի է ընկնում մարդկության պատմության կարևորագույն գտածոներով։ Օրը եզրափակվեց ջրաշխարհի զվարճալի և ակտիվ ժամանցով։

Բացի մշակութային և պատմական արժեքների բացահայտումից, աշակերտները մասնակցեցին թեմատիկ բաց քննարկումների՝ նվիրված հայրենիքին, ազգային ինքնության պահպանմանը, բնության պահպանման նշանակությանը և պետության դերին։ Մթնոլորտը ջերմ ու խանդավառ էր՝ լի հետաքրքիր հարց ու պատասխաններով, մտքերով և եզրահանգումներով։

Այս յուրօրինակ բաց դասը ոչ միայն խթանեց տեսական գիտելիքների գործնական կիրառումը, այլև ամրապնդեց աշակերտների հոգևոր կապը հայրենիքի, ազգային արժեքների ու մշակութային ժառանգության հետ։ Ճանապարհորդությունն ավարտվեց նոր տպավորություններով, ջերմ հիշողություններով և հայրենիքը առավել սիրելու ներքին ձգտումով:

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.06.2025)
Դիտումներ: 153 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar