Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի սաները կրկնակի հաջողությամբ կներկայացնեն Սյունիքը «Սպորտլանդիա 2025»-ի հանրապետական փուլում

Ապրիլի 18-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ «Սպորտլանդիա 2025» մարզական միջոցառման Սյունիքի մարզային փուլը, որը համախմբել էր մարզի տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների լավագույն թիմերին։ Մրցումներին մասնակցում էին Գորիսի, Սիսիանի, Կապանի, Քաջարանի և Մեղրիի այն դպրոցների թիմերը, որոնք իրենց համայնքներում նվաճել էին առաջին և երկրորդ տեղերը։

Մրցումները նշանավորվեցին թեժ պայքարով, մարզական ոգու բարձր դրսևորումով և անկոտրում կամքի ցուցադրմամբ։ Թիմերը փորձեցին իրենց ուժերը արագության, ճարպկության, թիմային համագործակցության և ֆիզիկական պատրաստվածության տարբեր մարզաձևերում։ Միավորների ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-6-րդ դասարանների թիմը։

Դպրոցի պատանի մարզիկներն աչքի ընկան բարձր կազմակերպվածությամբ, փոխօգնության ոգով և մրցակցային բարձր պատրաստվածությամբ՝ ձեռք բերելով պատվավոր իրավունք՝ Սյունիքի մարզը ներկայացնելու «Սպորտլանդիա 2025»-ի հանրապետական փուլում։

Հատկանշական է, որ նախորդ օրը՝ ապրիլի 17-ին, մեր դպրոցի 1-3-րդ դասարանների թիմը նույնպես հաղթանակ էր տարել մարզային փուլում և արդեն իսկ ապահովել էր Սյունիքի մարզի մասնակցությունը մրցույթի կրտսեր տարիքային խմբում։

Այսպիսով, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կպաշտպանի Սյունիքի մարզի պատիվը երկու տարիքային խմբերում՝ «Սպորտլանդիա 2025» մրցույթի հանրապետական փուլում։

  
  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.04.2025)
Դիտումներ: 170 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar