Մայիսի 5-ին Վանաձոր քաղաքը հյուրընկալեց «Սպորտլանդիա 2025» մարզական միջոցառման հանրապետական փուլը, որն անցավ խանդավառ, բուռն և բարձր մրցակցային մթնոլորտում։ Այս մարզական տոնը համախմբել էր Հայաստանի տարբեր մարզերի ու Երևանի հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերին, որոնք մարզային փուլերը հաջողությամբ հաղթահարելով՝ ներկայացնում էին իրենց համայնքներն ու դպրոցները՝ լիարժեք նվիրումով և մարզական ոգով։ Սյունիքի մարզը պատվով ներկայացրեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-6-րդ դասարանցիներից կազմված «Սլացք» թիմը։ Երիտասարդ մարզիկները ցույց տվեցին ինքնավստահություն, համառություն ու թիմային միասնականություն՝ մասնակցելով արագության, ճարպկության, ֆիզիկական տոկունության և համագործակցության վրա հիմնված մի շարք բարդ ու հետաքրքիր փորձություններին։ Մրցումները նշանավորվեցին թեժ պայքարով, առողջ մրցակցությամբ և մարզական ոգու վառ դրսևորմամբ։ Բոլոր թիմերը ոչ միայն իրենց մարզական պատրաստվածությունն էին ցուցադրում, այլև համախմբվածության, փոխաջակցության և ուժեղ կամքի օրինակելի դրսևորումներ։ Ըստ միավորների ընդհանուր հաշվարկի՝ «Սլացք» թիմը հանրապետության շուրջ 540 դպրոցներից և ավելի քան 5400 աշակերտներից կազմված թիմերի մեջ գրավեց պատվավոր 6-րդ հորիզոնականը, ինչը վկայում է թիմի բարձր պատրաստվածության և նպատակասլաց աշխատանքի մասին։ Թիմը մարզել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը։
| |
| |
Դիտումներ: 98 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |