Ճանաչողական այցելություն դեպի Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները, դասվար Կարինե Մալխասյանի առաջնորդությամբ, ճանաչողական այց կատարեցին Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ Այցը նպատակ ուներ ոչ միայն խորացնել աշակերտների գիտելիքները հայկական հոգևոր ժառանգության մասին, այլև ձևավորել սեր հայրենիքի և հավատքի նկատմամբ։

Առավոտյան դպրոցից ոտքով ճանապարհ ընկնելով՝ աշակերտները ծնողների և դասվարի ուղեկցությամբ քայլեցին դեպի Գորիս գյուղ։ Չնայած երկար ճանապարհին, երեխաներն ուրախ տրամադրությամբ ու հետաքրքրությամբ հաղթահարեցին ողջ ուղին։ Եկեղեցում նրանք միասին մոմ վառեցին, բարձրաձայն ընթերցեցին Տերունական աղոթքը՝ արտահայտելով իրենց հավատը և մաղթանքները։ Աղոթքի խոսքերը միասնաբար հնչեցին՝ ուղղված աշխարհի խաղաղությանը, իսկ ընտանիքի անդամներին՝ առողջությանը։

Այցը շարունակվեց եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչապատ բացատում, որտեղ երեխաները մասնակցեցին զանազան խաղերի, վայելեցին մաքուր օդը և համընդհանուր ուրախ տրամադրությունը։ Օրը վերածվեց ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու զվարճալի փորձառության՝ խորացնելով աշակերտների կապը ազգային արժեքների և միմյանց հետ։

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.05.2025)
Դիտումներ: 146 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar