Մայիսի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը վերածվել էր հիշողությունների, հույզերի և խոր շնորհակալության կենտրոնի։ Դպրոցն իր հարկի տակ էր համախմբել 1989-1990 ուսումնական տարվա 10-րդ «Ա» դասարանի շրջանավարտներին՝ նշելու ուսումնառության ավարտի 35-ամյակը։ Նրանց միացել էին նաև դպրոցի երբեմնի նվիրյալ մանկավարժները՝ Ժաննա Միրաքյանը, Սիրվարդ Գրիգորյանն ու Լուսյա Մկրտչյանը, ովքեր իրենց անձնվեր վերաբերմունքով և մարդկային ջերմությամբ հարստացրել են Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի կրթության գործընթացը։
Տոնական օրը վերածվեց անցյալի թանկ հիշողությունների վերապրման և գնահատանքի օրվա՝ առ դպրոցի ավանդույթները, արժեքները և երբևէ ստացած կրթության որակը։ Շրջանավարտները ջերմությամբ վերհիշեցին իրենց ուսումնառության տարիները՝ նշելով, որ դպրոցն իր կրթությամբ ու հոգատարությամբ դարձել է իրենց կյանքի ուղեկիցը։
Միջոցառման առանձնահատուկ պահերից էր նաև դպրոցի ներկայիս սաների՝ մասնավորապես 2-րդ «Ա» դասարանի աշակերտների մասնակցությունը։ Երեխաների պատրաստած փոքրիկ ելույթը խորհրդանշում էր սերնդափոխության կենդանի շղթան՝ հիշեցնելով, որ դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև մշակութային ու հոգևոր ժառանգության փոխանցման կենտրոն։ Այս յուրահատուկ հանդիպումը մեկ անգամ ևս փաստեց, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է պահպանել իր բարձր կրթական մակարդակն ու մարդկային ջերմ մթնոլորտը։ Դպրոցի ներկա մանկավարժական կազմը, բարձր որակական պատրաստվածությամբ, արժանավայել կերպով շարունակում է իր ավագ գործընկերների սկսած առաքելությունը՝ կրթել, դաստիարակել և սիրով ու պատասխանատվությամբ առաջնորդել սերունդներին դեպի գիտելիքի ու արժեքների աշխարհ։
| |
| |
Դիտումներ: 452 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |