Բասկետբոլի առաջնություն Գորիսում՝ մարզական ոգու և թիմային համախմբվածության ցուցադրություն

Հուլիսի 9-ին Գորիսում կայացավ «Բասկետբոլի բաց առաջնություն», որին մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների տարբեր դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտական թիմերը։ Առաջնությանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բասկետբոլային թիմը։

Մրցաշարը տեղի ունեցավ բարձր մարզական մթնոլորտում և ընթացավ համառ ու արժանի պայքարի պայմաններում։ Մեր դպրոցի թիմը հանդես եկավ կազմակերպված և նպատակասլաց խաղով՝ ցուցաբերելով պատրաստվածություն, կամային հատկանիշներ և խաղային մտածողություն։

Առաջնության արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրեց Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը։

Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Գորիսի համայնքապետի անունից մեր դպրոցի թիմը պարգևատրվեց մեդալներով, շնորհակալագրով, գավաթով և նվեր-քարտով։

Մասնակիցներն ընդգծեցին նմանօրինակ մարզական միջոցառումների կարևորությունը ոչ միայն որպես մրցակցային փորձ ձեռք բերելու հնարավորություն, այլև որպես միջդպրոցական կապերի ամրապնդման, առողջ կենսակերպի խթանման և թիմային ոգու զարգացման միջոց։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը մարզել է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը։

    


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.07.2025)
Դիտումներ: 41 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar