Գրաճանաչության առաջին քայլը՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում

Սեպտեմբերի 26-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ։ Փոքրիկ առաջին դասարանցիներն իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը նշեցին՝ առաջին անգամ հանդիպելով հայոց այբուբենի առաջին հնչյուն-տառին՝ «Ա»-ին։

Դասվար Գայանե Ավագյանի նախաձեռնությամբ սովորական դասը վերածվել էր խորհրդանշական երդման արարողության։ Աշակերտները հանդիսավոր կերպով երդվեցին անաղարտ պահել հայոց լեզուն, հարգել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, լսել ու հարգել ուսուցիչներին և ծնողներին, հետևել դպրոցի կարգ ու կանոններին։

Տոնական միջոցառմանը դասարանը զարդարված էր ազգային խորհրդանիշներով, իսկ ծնողները հպարտությամբ հետևում էին իրենց փոքրիկների առաջին կարևոր հաջողություններին։ Գրաճանաչության մեկնարկը ներկայացավ որպես ոչ միայն գիտելիքի ու դպրության ճանապարհի սկիզբ, այլև ազգային արժեքների և մշակույթի ճանաչման առաջին քայլ։

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ընդգծելով «Ա»-ի խորհրդանշական իմաստը․ «Հայոց այբուբենը սկսվում է «Ա»-ից, և հենց «Ա»-ից էլ մեկնարկեց մեր փոքրիկ Բախշյանականների մեծ ճանապարհորդությունը՝ դեպի գրականություն, պատմություն ու գիտելիք։ Շնորհակալություն եմ հայտնում դասվար Գայանե Ավագյանին՝ մեկ ամսվա ընթացքում երեխաների հետ իրականացրած բովանդակալից աշխատանքի և հայրենասիրական ոգի սերմանելու համար»։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև դպրոցի տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը։ Նրանք իրենց շնորհավորանքներն ու հիացմունքի խոսքերը հղեցին Գայանե Ավագյանին՝ կարևորելով այս կարճ ժամանակահատվածում իրականացված արդյունավետ ու նվիրված աշխատանքը։

Այսպիսով, 1-ին «Ա» դասարանի սաների համար գրաճանաչության ուղին մեկնարկեց ոչ միայն որպես ուսումնառության նոր շրջան, այլև որպես հայրենասիրության ու ազգային ինքնության ամրապնդման առաջին քայլ։

    

    

    

    

    

    

      

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.09.2025)
Դիտումներ: 201 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar