|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետությունում մեկնարկել են պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում դպրոցականների մասնակցությամբ մաքրման և պահպանության աշխատանքներ։ Նախաձեռնությունը միտված է դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի, խնամքի և պահպանության գիտակցության ձևավորմանը։ Այս շրջանակում դպրոցներին տրամադրվել է հատուկ ուղեցույց, որը ներկայացնում է հուշարձանների տարածքներում դպրոցականների վարքագծի կանոնները, ինչպես նաև՝ տվյալ համայնքում գործող դպրոցների և հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պարտավորվում է իր տարածքին մոտ գտնվող հուշարձանի նկատմամբ իրականացնել խնամքի և պահպանության աշխատանքներ՝ ձևավորելով պատմամշակութային արժեքների հանդեպ պատասխանատու վերաբերմունք դեռ դպրոցական տարիքից։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նախաձեռնությունն արդեն իսկ ստացել է գործնական շարունակություն։ Դպրոցի տնօրենության կողմից կազմվել է ժամանակացույց, ըստ որի՝ յուրաքանչյուր դասարան ամսվա ընթացքում իր հերթին կմասնակցի հուշարձանի տարածքում նախատեսված աշխատանքներին։ Հոկտեմբերի 30-ին դպրոցի 9-րդ «Ա» դասարանի սովորողները, տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի մասնակցությամբ, իրականացրել են մաքրման և պահպանության աշխատանքները։ Աշխատանքների ընթացքում երեխաները ոչ միայն մաքրել են տարածքը, այլև ծանոթացել հուշարձանի պատմական արժեքին՝ ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը պահպանելը յուրաքանչյուրի պարտականությունն է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել հայրենասիրական դաստիարակությունը, ձևավորել հարգանք պատմության և մշակույթի հանդեպ, և ընդգծել, որ մեր անցյալի պահպանությունը վստահված է ապագայի սերունդներին։
| |
|
| |
| Դիտումներ: 203 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









