|
Դեկտեմբերի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է աշակերտական ինքնավարության օր։ Նախաձեռնության հեղինակները դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն ու աշակերտական խորհուրդն էր, որի նպատակն էր խթանել մասնագիտական կողմնորոշման զարգացումը, աշակերտների ղեկավարման ու կազմակերպչական հմտությունները, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը դպրոցական կյանքի տարբեր ոլորտներում։ Օրը մեկնարկեց դասապրոցեսով․ աշակերտական խորհրդի անդամները բաժանվել էին ըստ դասարանների և ստանձնել էին ուսուցչի օգնականի դեր։ Նրանք աջակցում էին դասավանդողներին՝ անցկացնելով գործնական աշխատանքներ, օգնելով խմբային աշխատանքների կազմակերպմանը և պահպանելով դասի բնականոն ընթացքը։
Օրվա երկրորդ կեսը վերածվեց վարչական փորձառության։ Աշակերտական խորհրդի ներկայացուցիչները, խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանի գլխավորությամբ, մեկ օրով աշխատանքի անցան ղեկավար կազմում՝ ստանձնելով տնօրենի, տնօրենի տեղակալի, ԿԱԴԱՀ-ի, գլխավոր հաշվապահի, անձնակազմի կառավարման մասնագետի, գործավարի, էլեկտրոնային կառավարման և դասավանդման մասնագետի, ինչպես նաև ներառական կրթության պատասխանատուի պարտականությունները։ Սովորողները ծանոթացան վարչական աշխատանքի ընթացքին, մասնակցեցին փաստաթղթերի ձևակերպմանն ու կազմակերպչական գործընթացներին։ Օրվա ավարտին աշակերտական խորհրդի անդամները մասնակցեցին նախագծային աշխատանքների պաշտպանությանը։ Քննարկումների փուլում նրանք ներկայացրին իրենց դիտարկումները և գնահատականները՝ ցույցաբերելով ակտիվ ներգրավվածություն և պատասխանատու մոտեցում։ Աշակերտական ինքնավարության օրը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ սովորողների, թե՛ ուսուցիչների շրջանում՝ դառնալով ոչ միայն ուսուցողական, այլև մոտիվացնող փորձառություն։
| |
|
| |
| Դիտումներ: 105 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |













