|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է ակտիվորեն մասնակցել պատմական և մշակութային հուշարձանների պահպանության և մաքրման կամպանիային։ Նախապես սահմանված գրաֆիկի համաձայն՝ յուրաքանչյուր դասարան ամսվա ընթացքում իր հերթին ներգրավվում է աշխատանքներում՝ նպաստելով համայնքային նախաձեռնության շարունակականությանը։ Դեկտեմբերի 15-ին գործընթացին միացել են դպրոցի 9-րդ «Գ» դասարանի աշակերտները։ Նրանց ուղեկցել են դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Աշակերտներն իրականացրել են մաքրման աշխատանքներ, կարգավորել տարածքը և առանձնացրել պահպանման կարիք ունեցող հատվածները։ Բացի գործնական աշխատանքից, սովորողները նաև տեղեկացել են հուշարձանի պատմական նշանակության և մշակութային արժեքի մասին՝ կարևորելով այն պահպանելու անհրաժեշտությունը։ Նրանք ընդգծել են, որ մշակութային ժառանգության պահպանումը ոչ միայն մասնագիտական կառույցների, այլև յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես երիտասարդ սերնդի պարտականությունն է։ Նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները միտված են խթանելու հայրենասիրական դաստիարակությունը, ձևավորելու գիտակցություն պատմական արժեքների նկատմամբ և ամրապնդելու համոզումը, որ մշակութային ժառանգությունը պետք է փոխանցվի ապագա սերունդներին՝ ամբողջական և պահպանված տեսքով։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են պատմության և մշակույթի հուշարձանների մաքրման ու պահպանության աշխատանքներ՝ դպրոցականների ներգրավմամբ։ Ծրագրի նպատակն է ձևավորել ժառանգության հանդեպ հարգանք, խնամք և պատասխանատու վերաբերմունք դեռ դպրոցական տարիքում։
| |
|
| |
| Դիտումներ: 73 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




