|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող պատմության և մշակույթի հուշարձանների մաքրման ու պահպանության համապետական ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը։ Դպրոցում մշակված գրաֆիկի համաձայն՝ յուրաքանչյուր դասարան հերթականությամբ մասնակցում է նախաձեռնությանը՝ ապահովելով աշխատանքների շարունակական և համակարգված իրականացումը։ Հունվարի 23-ին ծրագրին միացել են դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները։ Նրանց ուղեկցել են դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Աշակերտներն իրականացրել են հուշարձանի շրջակա տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ուշադրություն են դարձրել պահպանման կարիք ունեցող հատվածներին։ Իրականացված աշխատանքներին զուգահեռ աշակերտները տեղեկացել են տվյալ հուշարձանի պատմական անցյալի և մշակութային արժեքի մասին՝ կարևորելով դրա պահպանության նշանակությունը։ Սովորողների խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանումը համատեղ պատասխանատվություն է, որը սկսվում է հենց դպրոցական տարիքից։ Նախաձեռնությունը կարևոր դեր ունի հայրենասիրական դաստիարակության, պատմական հիշողության պահպանման և ազգային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման գործում։ Դպրոցում համոզված են, որ նման ծրագրերը նպաստում են ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և մշակութային ժառանգությունը ապագա սերունդներին փոխանցելու գիտակցության ամրապնդմանը։ Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի դպրոցականների ակտիվ մասնակցությամբ ձևավորել պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից, պատասխանատու և խնամքով վերաբերմունք հանրապետության ողջ տարածքում։
| |
|
| |
| Դիտումներ: 142 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



