«Ճանաչենք մեր դպրոցը․ անվտանգ մուտք և ելք» թեմայով բաց դաս Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հունվարի 29-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս-ցուցադրություն և գործնական վարժանք-ցուցադրություն՝ «Ճանաչենք մեր դպրոցը․ անվտանգ մուտք և ելք» թեմայով։ Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի Արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մեթոդմիավորման նախագահ Աննա Աբգարյանի և «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանի նախաձեռնությամբ։

Դասի ընթացքում սովորողները և մանկավարժական անձնակազմը ծանոթացան անվտանգության հիմնական կանոններին, արտակարգ իրավիճակներում վարքագծի ձևերին, ինչպես նաև տարհանման գործող սխեմային։ Գործնական վարժանքները նպատակ ունեին զարգացնել սովորողների պատրաստվածությունը հնարավոր վտանգավոր իրավիճակներում և ամրապնդել անվտանգության մշակույթը դպրոցական միջավայրում։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները։ Նրանք ներկայացրին բնական աղետների և ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ կիրառվող հատուկ սարքավորումներն ու տեխնիկան, ինչպես նաև սովորողներին ծանոթացրին փրկարար ծառայության ավտոմեքենայի հնարավորություններին և գործառույթներին։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև փրկարար ծառայության ներկայացուցիչներին՝ շարունակական աջակցության և կրթական գործընթացում ունեցած կարևոր ներդրման համար՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը սովորողների անվտանգության գիտակցության ձևավորման գործում։

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.01.2026)
Դիտումներ: 147 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar