Նոյեմբերի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Գոհաբանության օր» թեմայով բաց դաս, որը կազմակերպել էր «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Շուշանիկ Հովհաննիսյանը: Բաց դասի սկզբում Շուշանիկ Հովհաննիսյանը ներկայացրեց օրվա թեման, նախատեսված աշխատանքները, նշելով, որ հիմնական աշխատանքներն աշակերտներն ինքնուրույն են իրականացրել՝ բաժանվելով խմբերի: Բաց դասի ընթացքում նույնպես Շուշանիկ Հովհաննիսյանը ներկայացնում էր թեմային առնչվող հարցեր:
Աշակերտները ներկայացրին «Գոհաբանության օր»-ը (Thanksgiving Day), որն ԱՄՆ-ում և Կանադայում նշվում է որպես ազգային տոն: ԱՄՆ-ում այն նշվում է նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը, իսկ Կանադայում՝ հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը: Աշակերտները նշեցին, որ «Գոհաբանության օր»-ն ունի իր կրոնական և մշակութային պատմական ավանդույթները, որոնք վաղուց արդեն նշվում են աշխարհիկ ձևով, իսկ տոնի խորհրդանիշ ուտեստ է համարվում տապակած հնդկահավը։ Բաց դասի ավարտին «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի առաջարկով որոշվեց ամեն տարի նոյեմբերի 25-ը դպրոցում նշել որպես «Շնորհակալության օր», ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին և աշակերտներին միմյանց շնորհակալություն հայտնել, բարեմաղթանքներ հղել: Բաց դասին ներկա էին ուսումնական գլով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա շալունցը, ուսուցիչներ, ծնողներ: Փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանն ու Արմիդա Գևորգյանը շնորհակալություն հայտնեցին Շուշանիկ Հովհաննիսյանին ու 9-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ բաց դասի համար, նշեցին, որ այն հնարավորություն տվեց ծանոթանալ ԱՄՆ-ի և Կանադային մշակույթին:
| |
| |
Դիտումներ: 559 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |