Փետրվարի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում առանձնահատուկ օր էր։ Դպրոցի գրադարանում տեղի ունեցավ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանի կողմից կազմակերպված «Ապրող և ապրեցնող» խորագիրը կրող միջոցառում՝ հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչը պատեհ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու մեծ դասականի կյանքն ու գրական ժառանգությունը։ Միջոցառման մեկնարկը տրվեց «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպես ապրել» տողերով, այնուհետև փոքրիկ բեմականացման միջոցով աշակերտները ցույց տվեցին Սևակ բանաստեղծի մեծությունը, հայ գրականության մեջ ունեցած ավանդը։
Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը՝ սերնդեսերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը... Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանաստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին... Սերո Խանզադյանի այս խոսքերով աշակերտները ներկայացրին հանճարին. խոսել Սևակի մասին, նշանակում է խոսել բանաստեղծական մի վիթխարի երևույթի մասին․․․ Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ միջոցառման նպատակն է գրողի 100-ամյակի շրջանակում ևս մեկ անգամ ներկայացնել Սևակի հարուստ գրական ժառանգությունն ու գնահատել հայ գրականության մեջ ունեցած ավանդը։ Պարույր Սևակն ամենասիրված հայ բանաստեղծն է, և նրա պոեզիային անդրադառնալու, նրա մասին խոսելու համար որևէ առիթ պետք չէ: Սևակն այն բանաստեղծներից է, որին պետք է ընթերցել նորից ու նորից: Նա մեկն էր իր իսկ երգած մեծերից, ովքեր ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին և նոր օրենք ու կարգ են սահմանում, ովքեր գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ են բացում հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալու համար։
Մեծ բանաստեղծների ծնունդը չի ենթարկվում որևէ կանոնի, իր իսկ՝ Սևակի ոսկե բանաձևով` նրանք «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»։ Սևակը պարզ էր ինչպես երկինքը և բարդ` ինչպես երկիրը, և նա ծնվել էր իր երկրի բեռը թեթևացնելու համար։ Հայացքը հառած անցյալին ու ապագային, ամուր հենված ազգային հողին՝ նա հիրավի ժամանակի շունչը դարձավ: Նրա տողն ու բառը պիտի ապրեն այնքան ժամանակ, ինչքան պիտի ապրի հայ ժողովուրդը: Աշակերտները ներկայացրին բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին, ասմունքեցին և ընթերցեցին նրա անզուգական ստեղծագործությունները՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս» ժողովածուները։ Աշակերտները հանդես եկան նաև երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում Պարույր Սևակի ստեղծագործությունները հնչեցին պարի, երգի, արտասանության տեսքով։ Միջոցառումն ավարտվեց Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետևյալ մտքերով․ «Դու ողջ ես, քանի որ չի մարում լուսավոր ու ջինջ հիշողությունը քո մասին: Դու ողջ ես, քանի որ լիաթոք հնչում են քո երգերը հավերժական մեր մոլորակի վրա: Դու կապրես, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն իշխանությունը, սերն ու պոեզիան»։ Ավարտին դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհակալագրերով և նվերներով պարգևատրեց «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում դպրոցը ներկայացրած ու հաղթած 6-րդ «Գ» դասարանի աշակերտներ Միլենա Մելքումյանին ու Լևոն Հարությունյանին, ինչպես նաև առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում «Մաթեմատիկա» առարկայից գովասանագրի արժանացած Մայիս Դաջունցին:
| |
| |
Դիտումներ: 473 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |