Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բազմամյա պատմության մեջ գրին ու գրաճանաչությանն ուղղված հերթական տոնն էր։ Դպրոցի 1-ին «Ա» դասարանի սաները բեմ էին բարձրացել՝ հրաժեշտ տալու Այբբենարանին և իրենց շուրթերով խաղաղության կոչ ավետելու համայն աշխարհին։ Օրը կրկնակի տոնական էր... Նույն օրը առաջին դասարանցիները տոնում էին Հայոց Ոսկեղենիկ Այբուբենի սերտումը, իսկ ահա իններորդցիները՝ հրաժեշտ էին տալիս հիմնական դպրոցին՝ իրենց ուսման ուղին փոխանցելով փոքրիկներին: Ուստի նրանք, ձեռք ձեռքի տված, միասին բեմ բարձրացան։ Խաղաղության մասին երգի ելևէջների ներքո փոքրիկները խաղաղությունը խոհրդանշող աղավնիներ փակցրին, որով էլ ազդարարվեց միջոցառման մեկնարկը։ Հուզիչ ու տպավորիչ էին փոքրիկ սաների ելույթները... Մեսրոպյան տառերին ու դպրությանը ձոնված բանաստեղծություններ, խաղաղությանն ու հայրենիքին նվիրված խրոխտ խոսքեր, երգեր, գեղեցիկ պարային կատարումներ։ Փոքրիկները, չնայած ունեցած բուռն հուզմունքին, հրաշալի մասնակցություն ունեցան՝ պատվով ամփոփելով իրենց առաջին ուսումնական տարին։ Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ դասվար Արուս Դոլունցը։ Նա շնորհավորեց երեխաներին ու նրանց ծնողներին գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթեց նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ, շեշտադրեց համատեղ ուսումնանպաստ աշխատանքի կարևորությունը։ Երեխաներին ու դասվարին շնորհավորեցին նաև մանկավարժները, ծնողները։ Միջոցառման ավարտին Արուս Դոլունցի կողմից երեխաները պարգևատրվեցին Գրաճանաչության վկայականներով, որն էլ ավելի պարտավորեցնող դարձավ հաջորդ ուսումնական տարվա նախաշեմին։
| |
| |
Դիտումներ: 374 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |