- Եթե այսօր հանդիպեք Ձեր երիտասարդ «ես»-ին, ի՞նչ խորհուրդ կտաք նրան: - Շատերն ինձ ճանաչում են որպես շփվող, համարձակ անձնավորություն, բայց պետք է փաստեմ, որ վաղ անցյալում ես բնավ այդպիսին չէի, չնայած համառ ու պրպտուն էի: Ես, հանդիպելով իմ վաղանցիկ «ես»-ին, խորհուրդ կտայի սխալվելուց չվախենալ և նորից փորձել, քանի որ մարդուն ոչ մի բան այնպես չի սովորեցնում, ինչպես փորձը: Մեզ՝ աղջիկներիս, մանկուց սովորեցնում են ինչ-որ բան անել, որպեսզի լինենք սիրելի, բայց, կարծում եմ՝ սխալ է: Պետք է ընտրել ըստ քո ցանկության, ոչ թե՝ պարտադրված: Իմ երիտասարդ «ես»-ին կասեի՝ սովորիր ասել «Ոչ»։ Իմ սկզբունքներն ու սահմաններն ինձ համար ավելի կարևոր են, և կարծում եմ՝ իմ իրավունքն է, և այն պետք է պաշտպանել: - Եթե կարողանայիք վերադառնալ անցյալ և 24 ժամ անցկացնել որևէ պատմական կերպարի հետ, ո՞վ կլիներ նա և ի՞նչ կուզեիք բացահայտել: - Այդ պատմական կերպարը կլիներ Գաբրիել (Կոկո) Շանելը: Նա ազատատենչ լեդի էր, չափազանց նպատակասլաց, սկզբունքային, միշտ հավատարիմ իր ոճին, դժվարություններին դիմակայելու ունակություն ուներ, որն էլ նրան դարձրեց համաշխարհային ճանաչում ունեցող անձ: Շատերս, անկախ կարգավիճակից, դրսևորում ենք նման որակներ՝ պաշտպանելով մեր իրավունքներն ու ցանկությունները՝ լինել ինքնավստահ, շարժվել առաջ, գնահատել կանացի անկախության կարևորությունը և՛ նորաձևությունում, և ՛ կյանքում: - Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը։ - Ընկերության մեջ ինձ համար առաջնայինը վստահությունն ու անկեղծությունն են: Իրական ընկերը բարիքներից վեհագույնն է: Առհասարակ, ընկերությունն ինձ համար փորձություն է: Ես հիմնականում իմ այդ աշխարհում «մենակ եմ»: - Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը: - Վերջերս ինձ համար շատ հոգեհարազատ գիրք է դարձել Էկխարտ Տոլլեի «Ներկայի ուժը»։ Այս գիրքն իջեցնում է սթրեսային վիճակը, օգնում է գիտակցել և զգալ կյանքի ողջ հմայքը: Այն օգնում է ապրել այստեղ և հիմա: - Կա՞ որևէ գիրք, որն ազդել է Ձեր աշխարհայացքի վրա: - Վաղ տարիքում սիրում էի կարդալ սիրավեպեր, բայց ժամանակի ընթացքում սկսեցի նախապատվությունը տալ մոտիվացիան խթանող և մասնագիտական գրականությանը: Կան գրքեր, որոնք փոխում են կյանքի նկատմամբ մեր հայացքը, ստիպում են մտածել, վերանայել արժեքները: Կառանձնացնեմ Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը: - Ճաշ պատրաստելիս նախընտրում եք հետևել ավանդական բաղադրատոմսերի՞ն, թե՞ ստեղծագործում եք և ստեղծում նորը: - Ինչպես ցանկացած կին, ես նույնպես օրվա որոշակի ժամանակահատվածն անց եմ կացնում խոհանոցում: Ես պատրաստել սիրում եմ, բայց գրեթե միշտ ստեղծագործում եմ, չեմ սիրում հետևել բաղադրատոմսերին։ Սիրում եմ պատրաստել իմ ձևով: Ավելացնում եմ մի քիչ երևակայություն, և հետաքրքիր, համեղ ուտեստը պատրաստ է: Պետք է անկեղծանամ, որ ամեն անգամ իմ պատրաստած «ստեղծագործությունն» ունի համային այլ զգացողություն: Դա են վկայում համտեսողները: - Մեկ, երկու բառով նկարագրեք Ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային օրը։ - Իմ աշխատանքային օրը սկսվում է վաղ առավոտյան՝ մեկ բաժակ տաք ջրով: Տնից դպրոց ճանապարհը բավական կարճ է և հնարավորություն չի տալիս մտորումներով քայլել: Նշեմ, որ և՛ իմ աշխատանքը, և՛սաներիս շատ եմ սիրում: Կարող է խորթ թվալ, բայց հանգստյան օրերը չեմ սիրում: Անկախ նրանից, թե ինչ տրամադրություն ունեմ, դասարան մտնում եմ ոգևորությամբ: Հաճելի է տեսնել փոքրիկների ուրախ, քննախույզ հայացքները: Ամեն դաս նրանց համար հետաքրքիր ճամփորդություն է, և նրանք համակ ուշադրությամբ լսում են: Ոչ աշխատանքային օրերին ես պիտի ունենամ որոշակի զբաղվածություն, որովհետև պարապությունն ինձ համար տաղտկալի է: Պետք է ժամանակն անցկացնեմ այնպես, որ այն ինձ հնարավորություն տա հոգու ու մարմնի ներդաշնակության հասնել: - Ի՞նչ է երջանկությունը: Համարո՞ւմ եք Ձեզ երջանիկ: - Երջանկությունն ամենախոր և բազմակողմանի զգացումներից մեկն է, որը մարդը կարող է ապրել: Ինձ համար երջանկությունը ներդաշնակության զգացումն է իմ ու ինձ շրջապատող աշխարհի հետ: Այն ծնվում է փոքրիկ ուրախությունների մեջ՝ անկեղծ ժպիտում, իմ տան հարմարավետության մեջ: Սրանք այն պահերն են, երբ զգում եմ, որ ապրում եմ լիարժեք կյանքով, երբ կողքիս են իմ սիրելիները, երբ կարող եմ նկատել լավը նույնիսկ փոքր բաներում, երախտապարտ լինել ունեցածիս համար, երբ կարող եմ երազել և գնալ դեպի իմ նպատակը: Երջանկությունն օդում չի ճախրում, այլ աշխատանքով է ձեռք բերվում: Եթե ուզում եմ լինել երջանիկ, հաստատ կլինեմ: - Արդյո՞ք դպրոցը պետք է ավելի ակտիվորեն մասնակցի աշակերտների ոչ կրթական կյանքին, թե՞ անհրաժեշտ է այդ հարցը թողնել ծնողներին: - Երեխաներին դաստիարակելը, անշուշտ, ծնողների պարտականությունն է, բայց դպրոցը կարևոր դեր է խաղում այս գործընթացում: Երեխան իր ժամանակի զգալի մասն անց է կացնում դպրոցում, բախվում տարբեր իրավիճակների, որոնք էլ ձևավորում են նրա բնավորությունը, արժեքները և վարքը: Դպրոցը կարող է և պետք է մասնակցի երեխայի կրթությանը, բայց ոչ թե փոխարինի ծնողներին, այլ լրացնի նրանց: Այն սերմանում է հարգանք աշխատանքի նկատմամբ, սովորեցնում է կարգապահություն, պատասխանատվություն, ընկերություն և հանդուրժողականություն: Մենք՝ ուսուցիչներս, նրանց համար կարող ենք դառնալ իմաստնության, արդարության և բարության օրինակներ: Սակայն առանց ընտանեկան կրթության դպրոցը չի դիմանա: Եթե երեխային տանը չեն սովորեցնում հարգանք ուրիշների հանդեպ, ազնվություն, աշխատասիրություն, ապա դպրոցում դժվար կլինի սերմանել այդ հատկանիշները: Ըստ իս, իդեալական տարբերակն ընտանիքի և դպրոցի համագործակցությունն է, երբ ծնողների ու ուսուցիչների նպատակը մեկն է ՝աջակցել միմյանց և ստեղծել միասնական կրթական տարածք: - Ի՞նչ է Ձեզ համար Բախշյանական լինելը։ - Իրականում Բախշյանական լինելն ինձ համար ամբողջական մեխանիզմ է, որի բոլոր մասերը ներդաշնակ են աշխատում: Հպարտ եմ, որ այս թիմի անդամ եմ, որտեղ տիրում է վստահության, փոխօգնության և հարգանքի մթնոլորտ: Մեր թիմում յուրաքանչյուրը գիտի իր դերը, գնահատում է ուրիշի ջանքերը և պատրաստ է համակերպվել իրավիճակին՝ աշխատանքն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար։ | |
| |
Դիտումներ: 227 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |