- Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը։ - Օրս սկսվում է մեկ բաժակ սուրճով, օրվա նորությունները կարդալով և իհարկե ժամանակին դպրոց հասնելու ցանկությամբ: Սուրճը ոչ միայն ինձ էներգիա է տալիս, այլև նշանավորում է օրվա առաջին քայլը, ինչպես նաև մի փոքր հանգստություն և խաղաղություն առավոտյան։ Այն միշտ օգնում է մաքրել միտքս և պատրաստվել նոր օրվա մարտահրավերներին։ Սուրճ խմելիս, ես հաճախ նաև մտածում եմ այն ամենի մասին, ինչ պետք է անեմ օրվա ընթացքում՝ սկսած դասերից ու ավարտելով տնային աշխատանքներով: Օրվա նորությունները կարդալով, այդ պահին մի տեսակ կապ եմ հաստատում աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների հետ։ Միաժամանակ, ժամանակին դպրոց հասնելու ցանկությունն ինձ տանում է դեպի կարգապահություն, կազմակերպվածություն ու ժամանակի կառավարում, քանի որ հասկանում եմ, որ ճիշտ պլանավորումը կարևոր է յուրաքանչյուր օրվա արդյունավետության համար։ - Ի՞նչ հուշեր ու հիշողություններ ունեք մանկությունից, երիտասարդությունից, որոնք հաճախ եք մտաբերում: - Մանկությունս անչափ երջանիկ է անցել, շրջապատված ինձ սիրող մարդկանցով։ Իսկ երիտասարդ տարիներս ուղեկցվել են պատերազմի արհավիրքով, մութ ու ցուրտ տարիները ծանր հիշողություններ են թողել իմ կյանքի այդ փուլում: Ամենավառ հիշողություններս կապված են դպրոցական տարիների քաղցր օրերի հետ։ Ես հաճախ հիշում եմ համադասարանցիներիս և նրանց հետ անցկացրած անհոգ օրերս: - Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում աշխատանքային գործունեության ընթացքում, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում: - Դժվարություններ լինում են ցանկացած աշխատանքում, դրանք հաղթահարելու գործում ինձ օգնում են գործընկերներս: Նրանք աջակցում են իրենց խորհուրդներով և փորձով, ինչի շնորհիվ ավելի հեշտ եմ գտնում լուծումներ: Միասին աշխատելով՝ կարողանում ենք հաղթահարել ամենաբարդ իրավիճակները: Համագործակցությունն ու թիմային ոգին կարևոր դեր են խաղում հաջողության հասնելու գործում: Ամեն դժվարությունից հետո ավելի փորձառու և ուժեղ ենք դառնում։ - Ընկերական հարաբերություններում ինչպիսի՞ սկզբունքներ եք կարևորում: - Կյանքի ամեն փուլում էլ ձեռք եմ բերել լավագույն ընկերներ, նրանք ինձ ուժ ու զորություն են տալիս ամեն պահի։ Հետաքրքիր փաստ, ունեմ և՛ մանկության, և՛ ուսանողական, և՛ աշխատանքային, և նույնիսկ ուշ ուսանողական ընկերուհիներ Լուսինե անունով, ասես ամեն բնագավառում լույսն ինձ հետ է։ - Ո՞ր արժեքներն եք համարում Ձեր կյանքում ամենակարևորը: - Ամենակարևոր արժեքները համարում եմ բարությունը, կամեցողությունը: Կարող եմ նվիրվել մարդուն անմնացորդ: Միշտ փորձում եմ օգնել՝ առանց որևէ ակնկալիքի: Հավատում եմ, որ փոքրիկ բարի գործերը կարող են մեծ փոփոխություններ բերել մարդկանց կյանքում: Երբ տեսնում եմ, որ իմ աջակցությունը կարևոր է ինչ-որ մեկի համար, դա ինձ անչափ երջանկացնում է: Բարությունն ու կամեցողությունը ոչ միայն ուժ են տալիս դիմացինին, այլև հոգեկան խաղաղություն բերում ինձ։ - Ինչպիսի՞ն է Գոհարիկ Ռուբենյանը խոհանոցում։ Ո՞րն է Ձեր սիրելի ուտեստը: - Եթե անկեղծ լինեմ, խոհանոցը իմ տարերքն է, իմ խորհելու և արարելու լավագույն վայրը։ Սիրում եմ նոր ուտեստներ և համեր ստանալ, նախընտրում եմ ֆրանսիական և վրացական խոհանոցները: Խոհանոցը ինձ համար պարզապես ուտելիք պատրաստելու վայր չէ, այլ ստեղծագործելու և ինքնարտահայտման միջոց: Ամեն անգամ, երբ մուտք եմ գործում խոհանոց, զգում եմ ազատության և երևակայության անսահման տարածություն: Սիրում եմ փորձարկել տարբեր համադրություններ, ստեղծել նոր ուտեստներ ու բացահայտել համերի ներդաշնակությունը: Ֆրանսիական խոհանոցն իր նրբաճաշակությամբ ու բարձրակարգ տեխնիկաներով միշտ հիացրել է ինձ: Իսկ վրացական խոհանոցի հագեցած համերն ու ավանդական բաղադրատոմսերը հարազատ ջերմություն են հաղորդում: Յուրաքանչյուր կերակուր, որ պատրաստում եմ, կրում է իմ տրամադրությունն ու անհատական մոտեցումը: Սեղանին դրված յուրահատուկ ուտեստը ոչ միայն հագեցնում է, այլև պատմում է մի ամբողջ պատմություն: Հաճախ հենց խոհանոցում եմ գտնում հանգստություն, մտքերիս նոր ուղղություն տալիս ու ստեղծում անսպասելի համեր: Ինձ համար ամենակարևորը ոչ միայն ուտեստի համն է, այլև այն զգացողությունները, որ այն պարգևում է: Խոհարարությունը արվեստ է, և ես հաճույքով եմ նվիրվում այս ստեղծագործական գործընթացին։ - Որո՞նք են Ձեր սիրելի ֆիլմերն ու գրքերը։ - Սիրում եմ հատկապես հայկական ֆիլմերը. «Մենք ենք մեր սարերը», «Հարսնացուն հյուսիսից»: Հաճախ դիտում եմ նաև օսկարակիր ֆիլմեր։ Եթե ժամանակս ներում է, կարդում եմ նաև աղջկաս խորհուրդ տված գրքերը, օրինակ վերջերս կարդացի Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքը։ Ասեմ, որ վաղուց այդքան գայթակղված չէի կարդացել որևէ գիրք։ - Ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր գործընկերների հետ։ - Աշխատանքային միջավայրը մեծապես կախված է այն մարդկանցից, ում հետ մենք ամեն օր աշխատում և շփվում ենք։ Իմ գործընկերները ոչ միայն համատեղ աշխատողներ են այլև մարդիկ, որոնց հետ կիսում եմ իմ օրը մտքերն ու փորձառությունը։ Մեր կոլեկտիվը բազմազան է, տարբեր տարիքի, բնավորության և մասնագիտության տեր մարդիկ կան: Բայց մեզ միավորում է միասնական թիմային ոգին։ Կարծում եմ, երբ աշխատում ես այնպիսի մարդկաց հետ, որոնք հոգատար են, պատրաստակամ և պրոֆեսիոնալ, ապա աշխատանքն ավելի հաճելի է դառնում: - Ի՞նչն է Ձեզ համար ավելի կարևոր՝ հաջողությունը, թե՞ երջանկությունը, և ի՞նչը կարող է փոխել այդ ընտրությունը: - Այս հարցը շատ անհատական է և միաժամանակ շատ տարբեր պատասխաններ ունի, քանի որ հաջողության և երջանկության արժևորումը կախված է անհատի արժեքներից, նպատակներից և կյանքի փորձից։ Ամեն դեպքում հաջողակ լինելն արդեն երջանկություն է։ - Ձեր աշխատանքում ի՞նչ է Ձեզ մոտիվացնում։ - Ինձ հատկապես մոտիվացնում է ակտիվ աջակցող թիմը, մարդկանց օգնական լինելու պատրաստակամությունը, աշխատակազմի կողմից գնահատված լինելը։ Այս բաղադրիչները միասին ստեղծում են այն շարժիչ ուժը, որը ստիպում է ամեն օր շտապել աշխատանքի: | |
| |
Դիտումներ: 202 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |