«Տարիների ընթացքում ամուսնուս հետ կառուցել ենք մեր երազանքների ամրոցը»․ Արմիդա Գևորգյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի քսաներկուերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանի հետ է։

- Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը:

- Իմ օրը սկսվում է վաղ առավոտից: Արթնանալուն պես համացանցում նայում եմ եղանակի տեսությունը: Այնուհետև պատրաստվում և շտապում եմ իմ սիրելի կրթօջախ: Ճանապարհին հանդիպում եմ իմ սիրասուն աշակերտներին և գործընկերներին։ Ողջունելով մտնում եմ դպրոց ու անցնում իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը:

- Ո՞վ է Արմիդա Գևորգյանը որպես կին, մայր, քույր, տատ:

- «Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, առավել ևս»․ Ալեքսանդր Դյումա:

Բնույթով համբերատար եմ, հոգատար, սատար ամեն հարցում։ Տարիների ընթացքում ամուսնուս հետ կառուցել ենք մեր երազանքների ամրոցը:

Ինչպես Ավետիք Իսահակյանն է ասել. «Ամենագեղեցիկ բանը աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե լույս աշխարհ գալ»: Որպես մայր՝ իմ երեխաների համար պատրաստ եմ զոհել իմ «ես»-ը, նրանց համար կառուցել ամուր պարիսպներ և օգնելու վեր բարձրանալ: Մայրերն ամեն ինչ գեղեցկացնելու ձիրք ունեն, և հաճախ մեր երեխաների համար մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ։ 

Սեր, հարգանք, հոգատարություն եմ ցուցաբերում քույրերիս նկատմամբ: Անկախ ամեն ինչից՝ ցանկացած դժվար կացության մեջ հայտնվելու ժամանակ նեցուկ եմ կանգնում նրանց, միաժամանակ վայելում եմ նրանց սերն ու հարգանքը:

Շատ եմ սիրում թոռնիկներիս, անհրաժեշտության դեպքում օգնում եմ դասերը պատրաստելիս: Կատարում եմ նրանց պահանջները, բայց, միաժամանակ նաև խիստ եմ և խրատներ եմ տալիս:

- Ի՞նչ գրքեր եք նախընտրում ընթերցել:

- Ընթերցանությունը լավագույն հոգևոր սնունդ է: Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Հիմա ժամանակ չունեմ ընթերցանությամբ զբաղվելու, բայց ժամանակին սիրել ու ընթերցել եմ պատմավեպեր՝ մեր նախնիների պատմությունը ներկայացնող: Եվ ժամանակ առ ժամանակ վեր եմ հիշում ընթերցածս: Միգուցե ժամանակի հրամայականն է, որ ստիպում է նորից վեր հիշել այդ լուսավոր էջերը:

- Ինչպիսի՞նն եք Դուք խոհանոցում։

- Առողջ սնունդն ինձ համար դարձել է առողջ ապրելու գրավականը: Սիրում եմ պատրաստել տարատեսակ ուտեստներ և հյուրասիրել իմ սիրելիներին: Պարբերաբար ասում են՝ համով ձեռք ունեմ, իսկ ընտանիքս գոհունակությամբ ասում է. «Մամայի պատրաստածն ուրիշ է»:

- Ընտանեկան հարաբերություններում ինչպի՞սի սկզբունքներ եք կարևորում:

- Ընտանեկան հարաբերություններում ակներև են սերը, փոխադարձ վստահությունը, ազնվությունը: Յուրաքանչյուրը պետք է ընդունի դիմացինի անհատականությունը, հարգի, հարմարվի, որի արդյունքում կկառուցվեն ներդաշնակ հարաբերություններ:

- Որո՞նք են Ձեզ համար կարևոր արժեքները և ի՞նչ արժեքներ եք ցանկանում փոխանցել Ձեր երեխաներին և աշակերտներին:

- «Արժեհամակարգ» հասկացությունը մանկավարժական գիտության մեջ լայն ընդգրկում ունի և ընկալվում է որպես երեխային մարդկային բարձր արժեքներով դաստիարակելու միջոց: Ինձ համար ամենավեհ արժեքը հայրենասիրությունն է՝ սովորողների գիտակցության մեջ հայրենիքի նկատմամբ անձնազոհություն սերմանելը: 

Գալիք սերնդի արժեհամակարգի ձևավորման, կրթության և դաստիարակության գործում մեծ անելիքներ ունի դպրոցը, որի բուն նպատակն է կերտել բարոյական, ազգային արժեքներով օժտված, ազգային դիմագիծ ունեցող սերունդ:

- Եղե՞լ է որևէ հետաքրքիր դեպք կամ իրադարձություն դպրոցում, որը դեռ երկար եք հիշելու:

- Իմ կյանքում շատ հետաքրքիր իրադարձություններ են եղել, բայց ամեամենահիշարժան իրադարձությունը կոլեկտիվով էքսկուրսիան էր դեպի Արցախի Հանրապերություն: Այդ ժամանակ Արցախը վերահսկվում էր ռուս խաղաղապահների կողմից: Հատելով Հայաստանի սահմանը՝ մենք շուտով հասանք անձնագրային ստուգման անցակետ, որտեղ մի քիչ վախեցանք, քանի որ ադրբեջանցի զինվորները գտնվում էին մեզանից մի քանի մետր հեռավորության վրա: Անձնագրերը ստուգելուց հետո մենք շարունակեցինք ճանապարհը ու մտանք Արցախ: Մեր առջև բացվեց մի հիասքանչ տեսարան՝ իր տեսարժան վայրերով: Ինձ համար և՛ անմոռանալի էր, և՛ հիշարժան, քանի որ ես առաջին անգամ էի այցելում Արցախ: Ավա՜ղ, այն եղավ նաև վերջին այցը, և ոչ միայն ինձ համար, այլ նաև՝ համայն հայության։

- Ի՞նչ է Ձեզ համար Բախշյանական թիմը:

- Ինձ համար Բախշյանական թիմը մի ընտանիք է, առանց որի արարել և առաջ ընթանալ չէի կարող: Իմ գործընկերների շնորհիվ ես կարողացել եմ կյանքի կոչել գաղափարներս: Սիրում ու գնահատում եմ յուրաքանչյուրին և նրանց հետ ձևավորում նոր աշխարհայացք:

- Ձեր աշխատանքում ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:

- Սիրելի աշխատանքն ինքնին նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկն է: Մոտիվացիան բանալի է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր: Հաջողության հասնելու համար պետք է սիրել այն, ինչ անում ես, հավատալ ինքդ քեզ ու համառորեն աշխատել: Աշխատանքում ինձ մոտիվացնում է յուրաքանչյուր աշակերտ, նրանց սովորելու ճիգերն ու աշխատասիրությունը։

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ուսուցիչներին դպրոցում հաջողության հասնելու համար:

- Սկսնակ ուսուցիչներին դպրոցում հաջողության հասնելու համար խորհուրդ կտայի սիրել իրենց մասնագիտությունը, զարգացնել մասնագիտական կարողությունները, լինել համարձակ և համբերատար, զբաղվել ինքնակրթությամբ: Դպրոցում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի դեպքում կարևորում եմ աշակերտներին սիրելը, հարգելը։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.03.2025)
Դիտումներ: 259 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar