Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է որպես մենթոր (աջակցող) դպրոց: Մենթորության շրջանակում մայիսի 7-8-ը դպրոցի համակարգմամբ իրականացվել է ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված «Խաղաղաշինական կրթությունը դպրոցում» թեմայով դասընթացը, որը վարել է մենթոր ուսուցիչ Վիտալիկ Բագրատյան: Վերապատրաստմանը մասնակցել է Գորիսի շրջանի 15 դպրոցից 25 ուսուցիչ, որոնք այժմ պատրաստ են իրենց դպրոցներում կիրառելու նոր գիտելիքներն ու մոտեցումները։ Դասընթացի հիմնական նպատակն էր խթանել խաղաղաշինական կրթության ներդրումը դպրոցներում՝ աջակցելով ուսուցիչների մասնագիտական աճին, ուսուցման ժամանակակից մեթոդների յուրացմանը և համապատասխան հմտությունների զարգացմանը։ Վերապատրաստման ընթացքում մենթորը ներկայացրել է մոդուլի շրջանակներում նախատեսված ինչպես տեսական, այնպես էլ գործնական նյութերը։ Մասնակիցների հետ իրականացվել են գործնական վարժություններ և քննարկումներ, որոնք նպաստել են նյութի խորքային յուրացմանը։ Նախնական և եզրափակիչ թեստավորումներն իրականացվել են ինքնուրույն եղանակով՝ մասնակիցների կողմից առցանց հարթակում։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ, զարգացրել են կիրառական հմտություններ, ինչը նպաստել է նրանց մասնագիտական ունակությունների բարելավմանը։ Մասնակիցների կողմից ստացվել են բազմաթիվ դրական արձագանքներ, որտեղ ընդգծվել է ինչպես դասընթացի բովանդակային արժեքը, այնպես էլ մենթորի բարձր մակարդակով կազմակերպչական և մեթոդական աջակցությունը։ Քննարկումները, փոխանակված փորձը և տրամադրված օժանդակ նյութերը նպաստել են մասնակիցների ինքնուրույն ուսումնասիրման գործընթացին և գիտելիքների ամրապնդմանը։
| |
| |
Դիտումներ: 96 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |