Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը դպրոցականների բասկետբոլի լիգայի հանրապետական փուլում է

Մայիսի 29-ին Վայք քաղաքում կայացած «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի միջմարզային փուլում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների՝ 13-15 տարեկան սովորողները փայլեցին իրենց պատրաստվածությամբ, թիմային խաղով և մարզական ոգով՝ ապահովելով հաղթանակ և անցում դեպի մրցաշարի եզրափակիչ՝ հանրապետական փուլ։

Այս խաղերը կազմակերպվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո և նպատակ ունեն խթանելու առողջ ապրելակերպն ու դպրոցականների շրջանում մարզական մշակույթի զարգացումը։ Մեր դպրոցի թիմը ցուցադրեց նվիրվածություն, համագործակցություն և մարտական տրամադրություն՝ արժանանալով մրցակիցների և հանդիսատեսի հիացմունքին։

Հիշեցնենք, որ միջմարզային փուլին մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերից առաջին և երկրորդ տեղերը գրաված 20 թիմերը, ինչպես նաև Երևանի վարչական շրջաններից հաղթող 10 թիմերը։ Ընդամենը՝ 30 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել էին 6 փնջերի՝ յուրաքանչյուրը 5 թիմով։ Հանդիպումներն ընթացել են լարված, բայց մարզական արդար պայքարի պայմաններում։

Մեր թիմը հաղթահարեց այս փուլը՝ դուրս գալով 16 լավագույնների շարքը, որոնք հունիսի 16-22-ը Երևանում կպայքարեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի գլխավոր գավաթի համար։

    

 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.05.2025)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar