2023 թվականից դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն երկու անգամ. Կարեն Թռչունյանն ամփոփել է տարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանն ու Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել են բարձրագույն կրթության, միջազգային համագործակցության, սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման և երիտասարդության ոլորտներում 2021 թվականին իրականացված աշխատանքները:

‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագիծը վերստին շրջանառվում է

Բարձրագույն կրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կատարված աշխատանքներից առանձնացրել է ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագծի վերստին շրջանառումը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Սահմանադրական դատարանի կողմից կասեցված դրույթները նախագծի նոր տարբերակում խմբագրվել և լրամշակվել են: Կարեն Թռչունյանը հույս է հայտնել, որ նախագիծը գարնանը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում և կընդունվի` հաշվի առնելով, որ խորհրդարանը մեկ անգամ արդեն քննարկել և հավանություն է տվել օրինագծին:

Կփոխվի ասպիրանտուրայի ընդունելության կարգը

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է փոփոխություն կատարել ասպիրանտուրայի ընդունելության կարգում, ըստ որի՝ «Համակարգչային հմտություններ» առարկայի քննություն այլևս չի պահանջվելու: Ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն միայն օտար լեզվից և մասնագիտական առարկայից, քանի որ, ըստ փոխնախարարի, նման քննության կազմակերպումն այսօր ժամանակավրեպ է: Համապատասխան կարգի փոփոխությունը կհաստատվի գալիք տարի:

Դիմորդները տարվա մեջ 2 անգամ ընդունելության քննություն հանձնելու հնարավորություն կստանան

Մյուս կարևոր փոփոխությամբ` բուհերի դիմորդների համար ընդունելության քննություններ կկազմակերպվեն տարվա մեջ երկու անգամ: «Նպատակահարմար ենք գտել դիմորդներին հնարավորություն տալ տարվա մեջ 2 անգամ հանձնելու միասնական քննություն, որոնցից առաջինը կկազմակերպվի հունվարին, մյուսը, ինչպես այժմ է, կլինի ամռանը` հունիսին: Ստուգելով սեփական գիտելիքները` նրանք կորոշեն, թե քննական արդյունքներից որը օգտագործեն ընդունելության մրցույթի ժամանակ»,- տեղեկացրել է Կարեն Թռչունյանը` հավելելով, որ ընդունելության մրցույթի ամփոփման ժամկետները չեն փոխվի: Այս նորարությունը կիրառվելու է 2023 թվականից, այսինքն` գալիք տարվա դիմորդներին չի վերաբերի: Փոխնախարարի խոսքով` նման քայլի գնալով՝ կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը:

Արցախյան պատերազմի մասնակիցները ստանում են ուսման վարձի հատուցում

Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների և նրանց ընտանիքի անդամ համարվող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. 2020/2021 ուստարվա և 2021/2022 ուստարվա 1-ին կիսամյակի համար պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել մարտական գործողությունների մասնակից շուրջ 6330 շահառուի, այդ թվում՝ ուսանող, ամուսին, ծնող, ընդհանուր՝ մոտ 1,4 միլիարդ ՀՀ դրամ: Ծրագիրը կշարունակվի նաև 2022 թ. երկրորդ կիսամյակի և 2022/2023 ուստարվա առաջին կիսամյակի համար` տարածվելով մարտական գործողությունների մասնակից ուսանողների վրա:

Սոցիալական խմբերում ընդգրկվածները ուսման վարձի փոխհատուցում են ստանում՝ ըստ ՄՈԳ-ի

Կարևորելով ուսման վարձի փոխհատուցման հասցեականության և կրթության որակի փոխկապակցվածությունը` ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի № 1752-Ն որոշմամբ փոփոխություն է իրականացվել համապատասխան կարգում: Ըստ այդմ` 2021/2022 ուստարվա համար պետությունը ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացրել սոցիալական տարբեր խմբերի պատկանող 5722 ուսանողների, որից 2299-ը ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողներ են, 763-ը՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ, 2209-ը՝ մարտական գործողությունների մասնակիցներ, 52-ը՝ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներ, 399-ը՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Սոցիալական այս խմբերի ուսման վարձի փոխհատուցման համար հատկացվել է մոտ 1,5 միլիարդ ՀՀ դրամ:

Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ` վերոնշյալ փոփոխությամբ` սոցիալական խմբերում ընդգրկված ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ), նվազագույն շեմ է սահմանվել ՄՈԳ-ի 60 տոկոսը: «Ուսման վարձի փոխհատուցման ժամանակ կարևորում ենք ոչ միայն սոցիալական կարգավիճակը, այլ նաև առաջադիմությունը: Որքան լավ կսովորի ուսանողը, այնքան ավելի շատ փոխհատուցում կստանա: Սա պետության հստակ ուղերձն է` պետք է լավ սովորել` հետագայում լավ մասնագետ դառնալու համար »,- նշել է Կարեն Թռչունյանը` ընդգծելով, որ փոխհատուցման չափը կարող է հասնել մինչև ուսման վարձի 90 տոկոսին` կախված ՄՈԳ-ից:

Պետության համար գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների համար սահմանված է եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն, որից կարող են օգտվել աշխատող ուսանողները:

Մեկ մասնագիտություն, մեկ մոտեցում. միասնական մոտեցում՝ ընդունելության քննություններ

Ըստ մասնագիտությունների հստակեցվել է միասնական քննությունների ցանկը` որդեգրելով մեկ մասնագիտություն, մեկ մոտեցում սկզբունքը: Եթե նույն մասնագիտությամբ կրթություն է կազմակերպվում երկու և ավելի բուհերում, ապա դիմորդը, անկախ նրանից, թե որ բուհ է դիմում, պետք է հանձնի նույն քննությունները: Այսպիսով` սահմանվել են ընդունելության միասնական չափանիշներ, մուտքային պահանջներ, ինչպես նաև ամրագրվել է, որ դիմորդը բուհ կընդունվի՝ հանձնելով ընդունելության առնվազն 2 քննություն:

Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսվում է նաև 100-ական տեղերով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների՝ բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը, որ կհատկացվի բնագիտատեխնիկական (STEM) ոլորտի մասնագիտություններին:

Տարվա ընթացքում կազմակերպվել է նաև «Լավագույն ուսանող» մրցույթը, որի հաղթողները կպարգևատրվեն արդեն 2022 թվականին:

Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:



Աղբյուրը: http://escs.am
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.12.2021)
Դիտումներ: 629 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar