Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի շրջանավարտները ստացան ավարտական վկայականները

2024-2025 ուսումնական տարվա ավարտն առանձնահատուկ և հուզիչ օր դարձավ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 64 աշակերտների համար։ Հուլիսի 7-ին դպրոցի բակում կազմակերպված միջոցառման ընթացքում նրանք ստացան իրենց ավարտական վկայականները՝ նշանավորելով կրթական կյանքի մեկ կարևոր շրջանի հաջող ավարտը։

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Նա շնորհավորեց աշակերտներին՝ ընդգծելով, որ դպրոցն ավարտելը ոչ միայն ձեռքբերում է, այլև պատասխանատվություն։ «Կրթությունն ամենամեծ կապիտալն է, սակայն կյանքի ճանապարհին առավել կարևոր է լավ մարդ մնալը։ Թող ձեր մարդկային տեսակը լինի ձեր ամենամեծ ձեռքբերումը»,- նշեց նա իր խոսքում։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը։ Նա աշակերտներին մաղթեց անսպառ եռանդ, հավատ իրենց ուժերի նկատմամբ և հիշեցրեց, որ յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է։ «Դպրոցը ձեզ տվեց ամուր հիմքեր, բայց կյանքն է այն հարթակը, որտեղ պիտի ի ցույց դնեք ձեր գիտելիքներն ու կարողությունները։ Մաղթում եմ, որ ձեր հաջողությունները շարունակական լինեն, և միշտ վերադառնաք ձեր դպրոցի հարկի տակ՝ որպես մեր ձեռքբերումների կենդանի վկայություն»,- նշեց նա։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի ԴԱԿ Արմինե Հարությունյանը։ Նա մաղթեց շրջանավարտներին վստահություն, ուժ և հաստատակամություն իրենց նոր ճանապարհին։ «Դպրոցը ձեզ տվեց գիտելիքի և արժեքների ամուր հիմք, իսկ հիմա ժամանակն է դրանք կյանքի մեջ կիրառելու։ Մաղթում եմ, որ ձեր հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ, իսկ դպրոց վերադառնաք միայն լավ լուրերով ու հաղթանակներով»,- նշեց Արմինե Հարությունյանը։

9-րդ «Ա» դասարանի դասղեկ Աննա Աբգարյանը, շնորհավորելով աշակերտներին, նշեց․ «Այս տարիների ընթացքում մենք ոչ միայն սովորել ենք միասին, այլ դարձել ենք մի ընտանիք։ Յուրաքանչյուր ձեր ձեռքբերում ինձ համար անձնական ուրախություն է, իսկ ձեր դժվարությունները՝ մտահոգություն։ Վստահ եմ, որ այս փուլը ձեզ տվել է ուժեղանալու և մեծ նպատակներով առաջ շարժվելու հիմք»։

9-րդ «Բ» դասարանի դասղեկ Մարգարիտա Պետրոսյանն իր խոսքում ընդգծեց․ «Դուք յուրահատուկ սերունդ եք, որը դպրոցը լքելով տանում է իր հետ ոչ միայն գիտելիք, այլև համախմբվածության, ընկերության և փոխօգնության գեղեցիկ օրինակ։ Վստահ եմ՝ ձեր ճանապարհը լուսավոր է, իսկ նպատակները՝ իրականանալի։ Շնորհակալություն այս տարիների ջերմ հիշողությունների համար»։

Հավելենք, որ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն իրենց հիմնական կրթության ընթացքում ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և պատասխանատվություն։ Այս ուսումնական տարում 64 շրջանավարտներից 10-ը պարգևատրվել է գերազանցության նմուշի վկայականով, ինչը դպրոցի և աշակերտների համատեղ ջանքերի վառ վկայությունն է։ Երկու ավարտական դասարաններում էլ ապահովվել է 100 տոկոս առաջադիմություն։

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ։

    

http://goris3school.am/_ph/7/538141051.jpg    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.07.2025)
Դիտումներ: 154 | Վարկանիշ: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar