Տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և կրթության ոլորտի հարգարժան ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Նոր ուսումնական տարվա յուրաքանչյուր սկիզբ իր հետ բերում է նոր սպասումներ, ծրագրեր և հավատ, որ կրթությունն ու գիտելիքը շարունակելու են լինել մեր երկրի ապագայի գլխավոր հենասյուները։ 2025-2026 ուսումնական տարին մեզ համար հատկապես կարևոր է, քանի որ այս փուլում նախաձեռնում ենք լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կրթական համակարգը համապատասխանեցնել ժամանակակից միջազգային չափանիշներին և բարձրացնել կրթության որակը։ Այս գործընթացում հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից, նվիրումից և պատասխանատվությունից։

Վստահ եմ, որ առաջիկա ուսումնական տարին կդառնա բեկումնային ոչ միայն կրթության ու գիտելիքի արժևորման, այլև ուսուցչի դերի և հասարակական հեղինակության բարձրացման տեսանկյունից։

Այս տոնական օրն առանձնահատուկ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին։ Թող դպրոցում նրանց առաջին քայլերը լինեն լի հույսով, հետաքրքրասիրությամբ ու երազանքներով, իսկ գիտելիքի հանդեպ սերը ուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում։

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև բոլոր մանկավարժներին, ովքեր կոչված են սերունդ ձևավորելու մեծ առաքելությամբ։ Թող այս նոր ուսումնական տարին ձեզ համար լինի ստեղծագործական առաջընթացի, մասնագիտական հաջողությունների և վստահության տարի։ Մենք բոլորս պետք է մշտապես հիշենք, որ կրթված և գիտելիքներով հարուստ սերունդը մեր պետության ամուր հիմքն է, ուժեղ ու կայուն ապագայի երաշխիքը։

Այս ուսումնական տարին մենք դիմավորում ենք մի փոքր անսովոր, սակայն միևնույն ժամանակ հույսերով ու սպասումներով լի պայմաններում։ Մեր դպրոցը գտնվում է հիմնանորոգման փուլում, ինչը մեծ ու կարևոր փոփոխությունների սկիզբ է։ Շուտով այն վերածվելու է նորարարական կրթօջախի, որտեղ լինելու են ժամանակակից գույք, համակարգիչներ, հարմարավետ ու լիովին կահավորված լաբորատորիաներ, ինչպես նաև վերջին սերնդի կրթական սարքավորումներ։

Այս ամենը ոչ միայն արտաքին տեսքի և պայմանների բարելավում է, այլև նոր հնարավորություն՝ մեր աշակերտներին կրթելու առավել հարմարավետ, ստեղծագործական զարգացումն ապահովող և բարենպաստ միջավայրում։ Մենք վստահ ենք, որ այս փոփոխությունները կխթանեն ուսումնական գործընթացի արդյունավետությունը, կբարձրացնեն սովորողների հետաքրքրությունն ու մոտիվացիան, և կնպաստեն նրանց գիտելիքների ու հմտությունների խորացմանը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Մաղթում եմ անսպառ եռանդ, ստեղծագործական ոգի, նվիրում և մեծ հաջողություններ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի
տնօրենի պաշտոնակատար
Սերգեյ Ավանեսյան

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.08.2025)
Դիտումներ: 39 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar