|
Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը, որը միավորել է հանրակրթության ոլորտի տարբեր մասնագետների՝ նպատակ ունենալով խթանել կրթական միջավայրի որակի բարձրացումը և ապահովության մշակույթի զարգացումը։ Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։ Համաժողովի հիմնական նպատակն էր հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձի տարածումը, ուսուցիչների մասնագիտական ներուժի համախմբումը և կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի քննարկումը։ Բացման խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ համաժողովին ակտիվ մասնակցության, կրթական համակարգի արդիականացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և միասնական ջանքերի համար։ Նա ընդգծել է, որ նման ձևաչափի հանդիպումները հնարավորություն են տալիս կիսվել լավագույն փորձով, բացահայտել նոր մոտեցումներ և համատեղ ձևավորել ավելի ապահով ու զարգացող կրթական միջավայր։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ևս ներկայացված էր համաժողովում․ մասնակցել են դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և մաթեմատիկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը։ Համաժողովի շրջանակում անցկացվել է պլենար նիստ՝ «Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում» թեմայով, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Այնուհետև տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Ինչպես կառուցել վստահության, ներառականության և անվտանգության մշակույթ դպրոցում» թեմայով։ Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ընդգրկվել վեց թեմատիկ աշխատարաններում, որոնք նվիրված էին հոգեբանական անվտանգության, թվային անվտանգության, սովորողակենտրոն մեթոդների, հավասար հնարավորությունների և կրթական միջավայրի բարելավման հարցերին։ Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է «Թվային անվտանգություն» թեմայով աշխատարանին, որտեղ ներկայացվել են թվային ինքնության և հեղինակության պահպանման, ուսուցիչների թվային անվտանգության և արհեստական բանականության կիրառման արդի մարտահրավերները։ Արփինե Մարտիրոսյանը մասնակցել է «Սովորողակենտրոն մեթոդները՝ որպես երեխայի ապահովության և որակյալ կրթության երաշխիք» թեմայով աշխատարանին։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել աշակերտների ինքնուրույնության և հզորացման ձևավորմանը, ինչպես նաև դասասենյակների ֆիզիկական միջավայրի կազմակերպմանն ու բարելավմանը՝ ապահով կրթական միջավայր ստեղծելու նպատակով։ Համաժողովը ուսուցիչների համար դարձավ արդյունավետ հարթակ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և կրթական համակարգի բարեփոխումների գործընթացում իրենց ներդրումն ունենալու համար։
| |
|
| |
| Դիտումներ: 136 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





