Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

9. Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից ոչ ավել, քան չորսը, այլընտրանքային ծրագրերի իրականացման դեպքում կարող են մանկավարժական հիմնավորմամբ տեղափոխվել հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների բաժին, բացառությամբ 1-ին, 3-8-րդ, 17-19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ, 30-րդ, 33-րդ կետերի: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ.
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.
11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և
բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.
12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.
15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը.
20) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.
21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.
22) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.
28) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
30) զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
31) ճանաչի և խուսափի վնասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները.
32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.
33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
34) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.
35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

Հիմք՝ Հանրակրթության պետական չափորոշիչ:

Կրթության վերաբերյալ այլ օրենքներ, կարգեր, հրամաններ կարող եք գտնել կայքի «Օրենքներ, կարգեր» բաժնում:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.02.2022)
Դիտումներ: 942 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar