ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է իրականացնել մի շարք սկզբունքային փոփոխություններ հանրակրթության ոլորտում: Այն բազմիցս քննարկվել է շահագրգիռ օղակների շրջանում, տեղի են ունեցել նաև խորհրդարանական լսումներ: Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորները նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է: Նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել և հստակեցվել են: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է քննարկումների արդյունքում կատարած հիմնական փոփոխությունները: Ըստ այդմ՝ հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը նշվել էր, որ կամավոր ատեստավորման գործընթացում ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար: Ըստ Անդրեասյանի՝ պետության նպատակն է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար դրամ, որից հետո նոր դիտարկել հավելավճարի սահմանումը: Ներկայացվել է նաև պետական ուսումնական հաստատության գործունեության ղեկավարման ձևաչափը, մասնավորապես՝ ուսումնական և վարչատնտեսական գործընթացների առումով: «Հստակ ամրագրել ենք, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով: Այստեղ կարող ենք խոսել նաև իրավաբանական անձանց կողմից նշված գործառույթի իրականացման հնարավորության մասին, փորձելու ենք սա հստակ առաջ տանել՝ որպես աշխատանքների իրականացման հիմնական ձևաչափ՝ չխոսելով առանձին անձանց ներգրավման օրինաչափ տարածվածության մասին»,- ասել է Անդրեասյանը: Ըստ խմբագրական փոփոխությունների՝ հստակեցվել են նաև տնօրենին անվստահություն հայտնելու դեպքերը: Այսպիսով՝ ամրագրվել է, որ զարգացման ծրագրի ձևաչափն ու պահանջները պարունակելու են նաև հստակ կատարողական ցուցանիշներ: Խորհուրդը, այդ ցուցանիշները չապահովելու պարագայում, կարող է քննարկել անվստահության հարցը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին: Աղբյուրը: http://escs.am | |
| |
Դիտումներ: 783 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |