Հանրակրթության բովանդակության մասով կարևոր է այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագում, որը բացակայում էր նաև գործող օրենքում, ուսումնական պլանի անհատական բաղադրիչի սահմանման հստակեցումը, որով շեշտվել է սովորողի ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհատական բաղադրիչով նախատեսված նախագծային հետազոտական աշխատանքները դպրոցը կարող է իրականացնել այլ կառույցների հետ համագործակցությամբ։ Սա նշանակում է, որ սպորտի կամ արվեստի դասերը կարող են անցկացվել մարզադպրոցների, գեղարվեստի դպրոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելով սովորելու միասնական միջավայր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի նիստին, նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունման քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Սովորողի ընտրության հնարավորությունն առիթ ունեցա ինքս տեսնել Տավուշի միջնակարգ դպրոցներում, որտեղ մինչ այժմ այդ հնարավորությունը չունեցած ավագ դասարանցիներն ընտրել էին առարկան իրենց մասնագիտական կողմնորոշման համեմատ և այդպես էլ սովորում էին։ Սա նոր չափորոշչի արդյունք է։ Ներառական կրթության մասով կարևոր եմ համարում, որ ներդրել ենք «Հատուկ դպրոց» ռեսուրս կենտրոն հասկացությունը, որպես ևս մեկ քայլ՝ համընդհանուր ներառման ճանապարհին, որն ուղղված է վերափոխելու գործող հատուկ դպրոցները՝ դրանք դարձնելով իրապես մասնագիտացված ռեսուրս կենտրոններ՝ ի շահ մեր երեխաներին ուղղվող առավել որակյալ ծառայության»,-ասաց փոխնախարարը։ Խոսելով ուսուցիչներին ուղղված քաղաքականությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց նախագծի առաջինից երկրորդ ընթերցման մի քանի փոփոխություններ, ըստ որոնց, ինչպես խոսվել էր արդեն, ներառվել է դրույթ, որով նախատեսվել էր, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի 5 տարվա հավելավճարը։ «Հիշեցնեմ, որ էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ պետք է հնարավորություն տա գնալ ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը։ Քննարկվում է ուսուցչի դրույքաչափը ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ՝ կարող է հասնել մինչև 400 հազար դրամի։ Ընդ որում, մենք նախատեսում ենք, որ այս համակարգով պետք է անցնեն մեր ուսուցիչների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ՝ բոլորը»,-ասաց նա։ Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ փորձ է արվել դասակարգել նաև վարչական աշխատողների դասավանդման խնդիրը՝ հստակեցնելով, թե որ դեպքերում կարող են վարչական աշխատողները դավանդել և հստակ խնդիր դնելով, որ դա կարող են անել, եթե դպրոցում տվյալ առարկայի ուսուցիչներն ապահովված են լրիվ դրույքում կամ միակ ուսուցչի թափուր տեղը չի համալրվում։ Հստակեցվել է նաև, որ այլ դպրոցում չեն կարող դասավանդել․ սա չի վերաբերի բուհերում դասավանդմանը։ «Հստակեցրել ենք տնօրենի և համակարգողի գործառույթները՝ հստակ թվարկելով դրանք, գուցե մի քիչ չափից դուրս մանրամասն, հաշվի առնելով բոլոր այն գործընթացները, որոնք արդեն թվայնացվել են և կառավարման ավանդական, թղթային ձևով չեն իրականացվելու․ օրինակ՝ տարիֆիկացիաների և հաստիքացուցակների կազմումը։ Հստակեցրել ենք վարչատնտեսական կառավարումն իրավաբանակն անձին պատվիրակելու հնարավորությունը, ինչը պատրաստվում ենք խրախուսել՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման։ Համակարգողի համար սահմանել ենք պարտավորություն՝ ամեն տարի խորհրդին ներկայացնել կատարված աշխատանքները։ Կառավարման խորհրդի՝ տնօրենին անվստահություն հայտնելու մասով հստակցերել ենք, որ պետք է հիմք ընդունվի լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշների կատարման եզրակացությունը և նման ցուցանիշների սահմանման լիազորությունը ներառել ենք լիազորող նորմերի մեջ»,-մանրամասնեց ԿԳՄՍ փոխնախարարը։ Հստակեցվել է նաև, որ դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել կամ լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերսհոկղություն իրականացնող մարմինների անդամ: | |
| |
Դիտումներ: 422 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |