Աշակերտի ԱՈւՊ-ով պլանավորված տվյալ առարկայական ծրագրի հարմարեցման, իրականացման և արդյունքների գնահատման համար առաջնային պատասխանատվություն է կրում ուսուցիչը (դասվարը, առարկայական ուսուցիչները): Այս պատասխանատվությունը սկսվում է ԱՈւՊ-ի մշակման փուլից և շարունակվում է ԱՈւՊ-ի իրականացման և գնահատման փուլերում: Ուսուցիչը նաև հանդիսանում է տվյալ աշակերտի համար ԱՈւՊ-ը սահմանելու որոշման կայացման գլխավոր դերակատարներից մեկը: ԱՈւՊ-ի մշակման և իրականացման ընթացքում տվյալ ուսուցիչը.
- մյուս ուսուցիչներին, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի անդամներին, դպրոցի տնօրինությանը և ծնողին տեղեկություն է տրամադրում աշակերտի առաջադիմության մասին,
- դիտարկումների միջոցով բացահայտում և մատնանշում է աշակերտի ուժեղ և թույլ կողմերը,
- մշակում է աշակերտի՝ տվյալ առարկայի տարեկան նպատակները և ուսումնառության կարճաժամկետ նպատակադրումները,
- պլանավորում և իրականացնում է աշակերտի՝ ԱՈւՊ-ով հարմարեցված առարկայական ծրագիրը՝ ապահովելով ուսումնառության ընթացքում անհրաժեշտ հարմարեցումները, կիրառելով երեխայի կարիքին և հնարավորություններին համապատասխան մեթոդներ և միջոցներ,
- մշակում է աշակերտի առաջադիմության գնահատման մեթոդներն ու եղանակները,
- գնահատում է կիսամյակային և տարեկան արդյունքները,
- շարունակական կապ է պահպանում աշակերտի մյուս ուսուցիչների, մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների և ծնողի հետ,
- առաջարկություններ է ներկայացնում կրթության առանձնահատուկ պայմանների և հարմարեցումների վերաբերյալ` մյուս ուսուցիչներին, մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամներին, դպրոցի տնօրինությանը և ծնողին:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ
1. Պաշտոնային պարտականությունները՝
1) պլանավորում և իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան.
2) ապահովում է կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.
2.1) իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը.
2.2) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` հանրակրթության պետական չափորոշիչի հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները` ըստ կրթական աստիճանների և առարկայական ծրագրերի հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար մշակված ԱՈՒՊ-ի.
3) իրականացնում է սովորողների դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը.
4) նպաստում է սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը, դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ և վարվելակերպ.
5) սովորողների մեջ զարգացնում է ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները.
6) նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը.
7) հարգում և պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
8) հետևողականորեն կատարելագործում է իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
9) համագործակցում է սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ՝ սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
9.1) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է մանկավարժի մասնակցության պահանջ.
10) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
10.1) համագործակցում է ուսուցչի օգնականի հետ՝ սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության, ուսուցման կազմակերպման խմբային և անհատականացված մոտեցումների պլանավորման, ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում.».
10.2) իրականացնում է սովորողի (այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող)՝ կրթության որակի ապահովմանն ուղղված այլընտրանքային ծրագրային, մեթոդամանկավարժական աշխատանքներ՝ հաշվի առնելով սովորողի անհատական կարողությունները, առանձնահատկություններն ու հետաքրքրությունները.
11) մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին.
12) պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները (1-ին կետը լրաց., խմբ. 26.04.18 N 525-Ն):
2. Հանրակրթական ուումնական հաստատության ուսուցչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հանրակրթական ուումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները, որոնք ընդգրկված են, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված` ուսուցչի վերապատրաստման հարցաշարերում`
ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ
օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,
բ. առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,
դ. աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման պահանջները՝
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ (3-րդ կետը խմբ. 26.04.18 N 525-Ն):
Հիմք՝ Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում:
|