Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հինգ շրջանավարտները, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին

2020 թվականին՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ցնցեց ողջ հայությանը:

Պատերազմը փոխեց ամեն ինչ, ամեն ինչ ընդամենը մի օրում: 44 օր մեր հերոս տղաները համառորեն պայքարում էին հայրենի հողը պահելու, հայրենիքը չկորցնելու համար: Մի՞թե հայրենիք կորցնելուց ավելի սարսափելի բան կա աշխարհում:

Կռվում էին անհավասար, անարդար պայմաններում, միաժամանակ երեք մարտունակ բանակի դեմ:

44 օր շունչներս պահած՝ սպասում էինք, աղոթում մեր քաջորդիների համար, այդ օրերին բոլորս մի ընտանիք էինք դարձել, բոլորս հարազատ մարդիկ ունեինք մարտի դաշտում, բայց...

Պատերազմը մեզանից խլում է լավագույններին, ընտրյալներին, և դժբախտաբար նա տարավ նաև մեր դպրոցի հինգ հայորդիներին, հինգ ընտրյալներին, հինգ շրջանավարտներին, որոնք մինչև վերջին շունչը կռիվ տվեցին և հերոսաբար զոհվեցին անմահանալով:

Նրանց գործն անմահ է, սխրանքը՝ մեր սրտերում: Եվ մենք պարտավոր ենք հիշել նրանց լուսավոր հիշատակը արժանի լինելու համար նրանց կյանքի գնով ձեռք բերված խաղաղությանը:

Հավերժ փառք և խոնարհում:

Գագիկ Արամի Մալինցյան

Գագիկ Արամի Մալինցյանը ծնվել է 2001 թվականի մարտի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Հիմնական կրթությունը ստացել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, միջնակարգ կրթությունը՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: 

2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Պատմություն» ֆակուլտետի «Կովկասագիտություն» բաժինը:

Հայոց արքայի անունը կրող այս պատանին մեծ հայրենասեր էր, նվիրյալ և հայրենիքը նրա համար մեծ նշանակություն ուներ:

2020 թվականի հունվարին մեկնել է ծառայության՝ հայոց բանակ: Ծառայել է Հադրութում:

Գագիկ Մալինցյանը, ինչպես և բազում քաջորդիներ, կոչվեցին որպես պատերազմի սերունդ, քաջերի սերունդ, տղաներ, ովքեր ուս-ուսի տված ցանկանում էին իրենց հաղթական բազուկով խեղդել ազերու և թուրքի կոկորդը ու նրանց արյունոտ թաթերը ջարդել, որպեսզի այլևս չփորձեն մասնատել Հայաստան աշխարհը:

Իր մարտական ընկերների հետ շրջափակումից դուրս են հանել տասնյակ զինվորների:

Կռվել է անձնուրաց՝ հանուն վաղվա հաղթանակի:

Քաջի մահով ընկել է նոյեմբերի 8-ին:

 

Մայիս Կոլյայի Սարգսյան

Մայիս Կոլյայի Սարգսյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին Գորիս քաղաքում:

Ավարտելով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Գորիսի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժինը: Գերազանց ավարտելուց հետո զորակոչվել է ՀՀ բանակ: 

Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո անցնել է պայմանագրային ծառայության Գորիսի N զորամասում:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների:

Սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմի ժամանակ հերոսաբար կռվել է Ջրականում՝ իր նպատակներն ու երազանքները թողնելով անկատար:

Դասակի հրամանատարը զոհվել է հոկտեմբերի 16-ին անօդաչու սարքի հարվածից:

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության համար շքանշանով:

Գեղամ Սարմենի Ղուշունց

Գեղամ Սարմենի Ղուշունցը ծնվել է 1984 թվականի փետրվարի 8-ին Գորիս քաղաքում: Ավարտելով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը, 2001 թվականին զորակոչվել է ՀՀ բանակ: Ծառայել է Գյումրիի սահմանապահ զորքերում: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության նույն զորամասում մինչև 2009 թվականը:

2011-2018 թվականներին ծառայել է Գորիսի N զորամասում: Ավարտելով հրետանավոր սպայի դասընթացը՝ տեղափոխվել է Սանասարի N զորամաս՝ որպես կառավարման դասակի հրամանատար:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների:

Սեպտեմբերի 27-ից որպես հակատանկային դասակի հրամանատար, մասնակցել է պատերազմին:

Հոկտեմբերի 3-ին զոհվել է Ջրականում:

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության համար շքանշանով: 

Ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Նաիրի Կամոյի Ղուկասյան

Նաիրի Կամոյի Ղուկասյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 14-ին Գորիս քաղաքում:

2006 թվականին ընդունվել է Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցը, որն ավարտելով՝ կրթությունը շարունակել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում:

2018 թվականին դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

Առաջին կուրսն ավարտելուց հետո 2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Մարտունիում:

Բոլորին ցնցել է 19-ամյա պատանի Նաիրիի վարքը զոհվելուց առաջ:

Նաիրին վիրավոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Վարանդայի տարածքում հայտնվել էր ծուղակում և ռմբակոծվել թշնամու կողմից: Երբ թշնամու ջոկատն արդեն գերեվարում էր ողջ մնացած 40-50 հոգանոց ջոկատը, որոնց մեջ էր Նաիրին, որ թեթև վիրավոր էր, կարող էր դեռ փրկվել, հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել.

-Եթե ողջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մա՛մ, ես չկարողացա վերադառնալ…

Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին:

Հոկտեմբերի 15-ին քաջի մահով ընկավ 19-ամյա հերոսը:

Ինչպե՞ս ասես՝ ննջիր խաղաղությամբ. հողը տնքում ու եռում է վրեժի ծարավից…

Նաիրին մինուճար էր, որբությամբ մեծացած…

Տիգրան Մարտունի Սաթունց

Տիգրան Մարտունի Սաթունցը ծնվել է 1963 թվականի մարտի 23-ին Գորիսում: Սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում: Ծառայել է խորհրդային բանակում: 1983-1989 թվականներին աշխատել է Գորիսի մարզադպրոցում՝ որպես մարզիչ:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ միացել է «Մխիթար սպարապետ» ջոկատին, մասնակցել է Շուռնուխի և Կորնիձորի ինքնապաշտպանական մարտերին:

1993 թվականին Արցախյան առաջին պատերազմում Արցախում զոհվել է Տիգրանի հայրը՝ Մարտուն Սաթունցը:  

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո՝ 1995-ին, Տիգրան Սաթունցը հայրենի Գորիսում առաջին սեփական բիզնես հիմնադրողներից էր:

1999 թվականին ամուսնացել է, ունի երկու որդի:

Տիգրան Սաթունցի ու նրա ընտանիքի մասին Գորիսում միայն դրական կարծիքներ են հայտնում. «Հարգված մարդ էր, աշխատող, ստեղծող, խելացի, լավ ընտանիք ունի՝ խելացի տղաներ, նվիրված կին: Տիգրան Սաթունցը մեզանում հայտնի է իր հայրենասիրությամբ: Ամեն անգամ, երբ հայրենիքը վտանգի մեջ է եղել, Տիգրանը զենք է վերցրել և պաշտպանել մեր երկիրը: Միշտ էլ պատրաստ է եղել կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, բայց պնդում էր, որ երկիրը զենքով պաշտպանում են, պահում են՝ աշխատանքով...»:

2016 թվականի ապրիլին թշնամին նորից գլուխ էր բարձրացրել, Տիգրան Սաթունցը ԵԿՄ կազմում մեկնել է Արցախ, ամիսներ շարունակ կանգնել ժամկետային զինծառայողների կողքին, իր փորձով, գիտելիքներով ու ներկայությամբ նպաստել 18-20 տարեկան տղաների բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց: Տիգրան Սաթունցը սեպտեմբերի 29-ին կամավորագրվել է և մեկնել Մարտակերտ: Տիգրանը շտապում էր հասնել ժամկետային զինծառայող որդուն, ում կողքին մարտնչել է 25 օր:

Տիգրան Սաթունցը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին անօդաչուի հարվածից: Նահատակված քաջորդու աճյունը հողին է հանձնվել հոկտեմբերի 29-ին Գորիսի նորահիմն պանթեոնում:

Հետմահու պարգեւատրվել է «ԵԿՄ» հուշամեդալով:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.03.2022)
Դիտումներ: 1203 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar