ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել էլեկտրոնային մատյանների լրացման կարգում

ԿԳՄՍ նախարարի 2022թ. ապրիլի 8-ի N14-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N28-Ն հրամանում, որով սահմանվում է էլեկտրոնային մատյանների լրացման կարգը։

Հրամանով փոփոխություն է կատարվել կարգի հավելված 1-ի 1-ին կետում, հավելված 2-ի 1-ին գլխի 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերում:

Ընդհանուր փոփոխությունները՝ ստորև.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանով հաստատված՝

1) հավելված 1-ի 1-ին կետում «Էլեկտրոնային դասամատյաններ» բառերից հետո լրացնել «, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ՝ հիմնադրի որոշմամբ» բառերը:

2) հավելված 2-ի 1-ին գլխում՝

ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը կատարում է տվյալ օրվա՝ սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված գրանցումները՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո դասամատյանում հաճախումների և գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ գրանցումների տեխնիկական և (կամ) բովանդակային անճշտությունները փոփոխելու կամ լրացնելու վերաբերյալ դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի առկայության դեպքի: Էլեկտրոնային դասամատյանում գրանցումների տեխնիկական և (կամ) բովանդակային անճշտությունները կարող են փոփոխվել կամ լրացվել ոչ ուշ, քան դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի ներկայացման օրվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Թեմատիկ (ըստ անհրաժեշտության՝ ամփոփիչ) գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման և բացակայությունների գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների և բացակայությունների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է: Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրվա սյունակում:»:

բ. 7-րդ կետում «դպրոցի տնօրենը» բառերից հետո լրացնել «, որը նաև կարող է կատարել սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 6-րդ կետում նշված գրանցումների փոփոխություն և լրացում» բառերը:

գ. լրացնել նոր՝ 9-րդ և 10-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են վարել այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ՝ իրենց հայեցողությամբ՝ պահպանելով սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետները։

10. Ուսումնական պլանով նախատեսված առաջին և երկրորդ կիսամյակներն ավարտվելու օրվան հաջորդող 10-րդ օրը համակարգը ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ամփոփում է աշակերտների կիսամյակային և տարեկան գնահատականները, եթե մինչ այդ ուսուցչի կողմից տվյալ գործողությունը չի իրականացվել։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Փոփոխված կարգը՝ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.04.2022)
Դիտումներ: 2144 | Վարկանիշ: 2.8/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar