«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի №388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. փետրվարի 25-ի №10-Ն հրամանի 4-րդ կետի համաձայն, հրամանի հավելվածի 59-60-րդ, 62-69-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, այսինքն՝ 2022-2023 ուսումնական տարվանից: Ստորև ներկայացնում ենք հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եվ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի 4-րդ գլուխն ամբողջությամբ: IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ 58. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ: 59. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ սահմանված պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի պահանջներին համապատասխան՝ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային ենթահամակարգ) բացված հայտերի արդյունքում 2-12-րդ դասարանների սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ: 60. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք էլեկտրոնային ենթահամակարգում հայտ(եր) ունեցող 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների, դրանց բնույթի վերաբերյալ: 61. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը, մանկավարժական խորհրդի նիստում քննարկելուց հետո, Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն և ԳԹԿ: 62. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 2-11-րդ դասարաններում որևէ կիսամյակում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողների կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների թեմաներն ընտրվում են տվյալ կիսամյակի ուսումնական նյութերից: 63. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 2-11-րդ դասարաններում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողների բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են տվյալ ուսումնական տարվա երկու կիսամյակների ուսումնական նյութը ներառող լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: 64. Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողի հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա: 65. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 2-11-րդ դասարաններում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողները տվյալ ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական պարապմունքների ավարտն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Մայրենի» (ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ «Մայրենի լեզու և գրականություն», «Ասորերեն», «Ռուսաց լեզու»), «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք: 66. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 12-րդ դասարանի առաջին կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողը մինչև հունվար ամսին անցկացվող պետական ավարտական քննությունների սկիզբը լրացուցիչ քննություններ է հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք: 67. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ հանձնում է այն առարկաներից, որոնք ընտրել է: 68. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 2-8-րդ, 10-11-րդ, ինչպես նաև 19 տարին չլրացած 9-րդ դասարաններում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 200-ից ավելի լինելու դեպքում սովորողները չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը: 69. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ 12-րդ դասարանում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 200-ից ավելի լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողները դուրս են մնում Հաստատությունից: 70. Բոլոր դասարանների քննական և ստուգողական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից: 71. Հաստատության տնօրենը հաստատում է սույն կարգի 65-րդ և 66-րդ կետերում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները): 72. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները: ԿԳՄՍ նախարարի հրամանը և կարգը՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 732 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |