Առաջիկայում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից իրականացվելու են դպրոցների տնօրենների և տեղակալների վերապատրաստումներ

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկայում իրականացվելու են հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և տեղակալների վերապատրաստումներ:  Վերապատրաստումների նպատակն է ծանոթացնել դպրոցի կառավարման և ղեկավարման մեջ Հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխություններին, Հանրակրթության պետական նոր չափորոշչին, առարկայական չափորոշիչներին և ծրագրերին, ինչպես նաև ծանոթացնել այդ փոփոխություններից բխող գործառույթներին։

Վերապատրաստման ժամանակ ավելի շատ քննարկվելու են օրենքում և չափորոշչում տեղի ունեցած  փոփոխությունները և դրանց կիրառման առանձնահատկությունները:

Առաջին խնդիրը պլանավորումն է։ ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուսումնական հաստատությունների տարեկան աշխատանքային պլանները գրված են ընդհանրական ոճով և անորոշ ժամանակացույցով։ Բոլոր գործողությունները, հատկապես ներդպրոցական վերահսկողությունը, նկարագրված են ընդհանուր սահմանումով, և ժամկետները սահմանված են «տարվա ընթացքում»։ Մինչդեռ պլանավորումը կոնկրետ նպատակին հասնելու համար է իրականացվում և պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ, որպեսզի հաստատության բոլոր աշխատակիցները պատկերացնեն իրենց վերջնական նպատակը և իմանան այն քայլերը, որ կոնկրետ ժամանակի ընթացքում իրականացնելու է հաստատությունը՝ այդ նպատակին հասնելու համար։

Երկրորդ խնդիրը ներդպրոցական վերահսկողությունն է։ Ներդպրոցական վերահսկողությունը հնարավորություն է տալիս հաստատության ղեկավարներին իրական ժամանակում հասկանալ ուսումնական գործընթացի իրականացման արդյունավետությունը և ճանաչել սովորողների ձեռքբերումները, նրանց դժվարությունները։ Սա հնարավորություն է տալիս ժամանակին որոշումներ կայացնել՝ գրանցված խնդիրները լուծելու համար։

Երրորդ խնդիրը հաշվետվողականությունն է։ Տարեկան աշխատանքային պլանով, ներդպրոցական վերահսկողության պլանով իրականացված աշխատանքները, դրանց արդյունքների վերլուծությունը, կայացրած որոշումները, խնդիրների լուծման համար իրականացրած աշխատանքները անհրաժեշտ է արձանագրել։

Կա դժգոհություն, որ այդպիսով կավելանա թղթաբանությունը։ Իրականում այդպես չէ։ Ուսումնական հաստատությունը ունի առարկայական մեթոդական միավորումներ։ Մեթոդմիավորումները,  կանոնադրության համաձայն, նիստերը կազմակերպում են ամիսը մեկ անգամ։ Նիստի ընթացքում քննարկում են ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների վերաբերյալ հարցերը, որի արդյունքում կայացվում են որոշումներ՝  ըստ օրակարգի հարցերի: Այդ ամենը արձանագրվում է։ Հետագայում հարցը տեղափոխվում է մանկավարժական խորհրդի նիստ։ Մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի նիստերին ներկայացվում է քննարկվող հարցի (հետազոտություն, ներդպրոցական վերահսկողություն, գիտելիքների ստուգում և այլն) թղթապանակը։ Մանկավարժական խորհրդի նիստերը ևս արձանագրվում են։ Սա է պահանջվող թղթաբանությունը։ Բայց այն նկարագրելու է հաստատության աշխատանքը և դրա արդյունավետությունը։ Նկարագրելու է հաստատության տնօրենի աշխատանքը։

Որպեսզի ուսումնական հաստատության աշխատանքները հեշտանան, ԿԶՆԱԿ-ի մասնագետները մշակել և վերապատրաստման ընթացքում մասնակիցներին տրամադրելու են՝

  • ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային օրինակելի պլան,
  • ներդպրոցական վերահսկողության ձևերը նկարագրող և վերահսկողության կոնկրետ ձևը իրականացնելու ուղեցույցներ,
  • դասալսումներ իրականացնելու հարցաթերթեր և հարցաթերթի յուրաքանյուր կետի գնահատման աղյուսակներ,
  • մանկավարժական խորհդի բոլոր հերթական նիստերի օրինակելի օրակարգերը և որոշումների նախագծերը,
  • մեթոդական միավորումների բոլոր հերթական նիստերի օրինակելի օրակարգերը և որոշումների նախագծերը,
  • տնօրենի տեղակալների պաշտոնային պարտականությունների մանրամանսն նկարագրությունը և դրանց իրականացման ուղեցույցներ։

Այս նյութերը կխնայեն հաստատության ղեկավարների ժամանակը որևէ աշխատանք իրականացնելիս, պլանավորելիս և հնարավորություն կտան ավելի շատ կենտրոնանալ ուսումնասիրության և խնդիրների վերացման վրա։
 



Աղբյուրը: http://kznakhimnadram.blogspot.com
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.05.2022)
Դիտումներ: 773 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar