Հունվարի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց կինոդում, որի ընթացքում ցուցադրվեց Յուրի Բախշյանի մասին պատմող «Ընդհատումը վերջ չէ» վավերագրական ֆիլմը: Մեկնարկին հաղորդավարները նշեցին, որ հավաքվել են դիտելու ֆիլմ, որը պատմում է Յուրի Բախշյանի մասին, որի անունը կրող դպրոցում իրենք սովորում են: Շեշտեցին, որ հպարտ են, որ սովորում են Յուրի Բախշյանի անվան դպրոցում, իրենց հարգանքն ու խոնարհումն են արտահայտում Յուրի Բախշյանի հիշատակին և վերահաստատում, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում։
«Ընդհատումը միշտ չէ, որ վերջ է նշանակում»,- ասում էր հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում խորհրդարանում սպանված Յուրի Բախշյանը։ 1999 թվականին ոճրագործության ժամանակ ընդհատվեց Յուրի Բախշյանի կյանքը, բայց նրա հիշատակը չմոռացվեց և վառ մնաց բոլոր այն մարդկանց հիշողություններում, ովքեր ճանաչում են նրան։ 1999 թվականին Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է պետական-քաղաքական գործիչ, համաքաղաքացի Յուրի Բախշյանի անունով՝ ի պատիվ նրա հանդեպ ունեցած հարգանքի։ Որևէ գործչի անունով դպրոցի անվանակոչությունը մեծ պատասխանատվություն է նրան ճանաչելու, նրա պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու համար։ Այս տարի լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը: «Ընդհատումը վերջ չէ» խորագրով վավերագրական ֆիլմը ներկայացնում է հոկտեմբերի 27-ի քաղաքական երեսը և ամփոփում Յուրի Բախշյանի կենսագրությունը, շոշափում է հոկտեմբերի 27-ի քաղաքական համատեքստը և նվիրված է ականավոր պետական գործիչ Յուրի Բախշյանին: Թեև ֆիլմը հոկտեմբերի 27-ի արյունոտ իրադարձությունների մասին է պատմում, բայց ներկայացված է լուսավոր մթնոլորտում: Ֆիլմի հեղինակը լրագրող, կինոռեժիսոր Վարդ Սիմոնյանն է։ Նրա խոսքով՝ այս ֆիլմի ուղերձն այն է, որ ողբերգական իրադարձությունից տարիներ անց թարմացնեն հիշողությունը, որոշակի առումով հասարակական դիմադրություն ձևավորեն հոկտեմբերի 27-ի շուրջ և, իհարկե, նշանավորեն Յուրի Բախշյանի հիշատակը։ Ֆիլմը սկսվում է աբսուրդի ժանրի գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի մտքերով։ «Տրամաբանություն չփնտրել այնտեղ, ուր թևածում է կաֆկայականությունը, տրամաբանությունն անելիք չունի»,- ասվում է ֆիլմում, և դրա ամբողջ ընթացքում կարմիր թելի պես հանդիսատեսին հետևում է մեկ աբսուրդը, մեկ՝ թախիծը, մեկ՝ հավատը, որ վերջապես մի օր Հայաստանի համար այս ամոթալի էջը կբացահայտվի ու կփակվի հավերժ։ Ֆիլմի հեղինակին աջակցել է նաև Յուրի Բախշյանի այրին՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Ֆիլմում նա ներկայացրել է իր և ամուսնու նամակները, անկեղծորեն պատմել իրենց խոսակցությունների մասին։ Բախշյանը նշում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին Յուրի Բախշյանի մոտ անհանգստություն է զգացել, Բախշյանն ասել է՝ արի խոսենք, իսկ ինքը չի ուզել լսել։ Տիկին Բախշյանը մինչ օրս խորապես ափսոսում է, որ այդ օրը չլսեց ամուսնուն։
Յուրի Բախշյանը ծնվել է 1947թ. հունիսի 28-ին` Գորիս քաղաքում։ 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1993թթ. դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ապա Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն։ 1990թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1993թ.՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ 1995-1999թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1998թ. փետրվարին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ 1999թ. մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 1999թ. հունիսի 11-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սեպտեմբերի 13-ին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։
| |
| |
Դիտումներ: 345 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |