«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի առաջին հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի, 8-րդ «Ա» դասարանի դասղեկ Ալլա Առստամյանի հետ է։ - Ինչպե՞ս է սկսվում Ձեր աշխատանքային օրը, ինչպիսի՞ սովորություններ ունեք առավոտյան: - Աշխատանքային օրն ինձ համար սկսվում է վաղ արթնանալուց: Անկախ այն հանգամանքից, որ կարող եմ ուշանալ, մի քանի րոպե նորություններ եմ կարդում համացանցից: Առաջին բանը, որ ինձ օգնում է կենտրոնանալ, սուրճի բուրմունքն է: Սուրճի ընթացքում տարբեր մտորումներ եմ ունենում՝ կապված օրվա անելիքների հետ, և միշտ թվում է՝ չեմ հասցնի նախատեսված գործերը: Հաջորդ անելիքս երեխաներիս արթնացնելն է. բարեբախտաբար, արդեն ինքնուրույն են, և վաղուց արդեն չեմ օգնում հագնվել ու հարդարվել: Ամեն օր որոշում եմ, որ վաղվանից պիտի մարզանքով զբաղվեմ, ինչը առողջ ապրելակերպի գրավականն է, սակայն միշտ հետաձգում եմ: Հետո սկսում եմ արագ-արագ պատրաստվել՝ զուգահեռաբար բոլորին շտապեցնելով: - Ինչպիսի՞ ճաշատեսակներ եք սիրում պատրաստել կամ ուտել: Կա՞ որևէ կոնկրետ ուտեստ, որը համարվում է Ձեր սիրելին: - Ուտելիքի հարցում նախասիրություններս բազմազան են: Եթե ինձ հարցնեք, թե ո՞ր ճաշատեսակից կհրաժարվեմ, կդժվարանամ պատասխանել: Սիրում եմ աղցաններ, ապուրներ, բանջարեղենային ու մսային ուտեստներ, խորոված, մայրիկիս պատրաստած տոլման, հայկական ավանդական խոհանոցի ճաշատեսակները: Սիրում եմ հյուրասիրել: Մտերիմներս ասում են, որ «համով ձեռք» ունեմ: Վերջին տարիներին քիչ եմ խմորեղեն պատրաստում, կարելի է ասել՝ հազվադեպ: Ուտելիքների մեջ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի հայկական ժանգյալով հացը, հատկապես իմ պատրաստածը: - Ի՞նչ հոբբիներ ունեք, ինչպե՞ս եք անցակացնում Ձեր ազատ ժամանակը: Իմ հոբբիներից մեկը ստեղծագործելն է: Վերջերս շատ չեմ գրում՝ կապված ժամանակի սղության և մասնագիտական զբաղվածության հետ, բայց դա իմ տարերքն է: Երբ տևական ժամանակ չեմ գրում, թվում է՝ իմ մեջ մարել է մի շատ առաքինի բան: Գրելն ինձ համար նորովի կյանք առնել է՝ կյանքի համբույր… - Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում լսել և ի՞նչ ազդեցություն ունի այն Ձեր տրամադրության վրա: - Սիրում եմ դասական երաժշտություն, բլյուզ, գիթառ: Երբ տրամադրության անկում եմ ունենում, մի քիչ էներգետիկ երաժշտություն եմ լսում: Երաժշտությունն, իսկապես, դրական ազդեցություն է թողնում իմ տրամադրության վրա: - Աշխատանքում ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգևորում և դրդում, որ հաջորդ օրը նորից գնաք աշխատանքի: - Դպրոցական տարիներին երբեք չեմ երազել մանկավարժի մասնագիտության մասին, երբեք չեմ մտածել, որ կարող եմ ուսուցչությամբ զբաղվել: Ուսումնառության ավարտից հետո առաջին անգամ դպրոց և դասարան եմ մտել ութ տարվա ընդմիջումից հետո: Աշակերտների, նրանց պահանջների, գիտելիքի ծարավի արդյունքում ես կայացա և ուսուցչի պատվավոր կոչումն ունեցա. նրանք ինձնից ուսուցիչ կերտեցին, սովորեցրին սովորեցնել, տալ, սիրել, լսել, զգալ իրենց սրտերի զարկերը, ոգեշնչել, անմնացորդ նվիրվել… Աշակերտների ձեռքբերումները, հաջողությունները, նրանց աճը, կապվածությունը մեծագույն մոտիվացիան են, որ քեզ նորից կանչում են դպրոց: - Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում աշխատանքային գործունեության ընթացքում, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում: - Աշխատանքում դժվարությունները շատ են ու բազմազան. դրանք մեծապես կապված են թղթավարության հետ՝ անկախ նրանից, որ մեր դպրոցում փաստաթղթերը մշակված են հնարավորինս պարզեցված եղանակով: Երբեմն դժվար է համատեղել աշակերտների տարբեր կարիքները: Դրա համար պետք է լինել ճկուն, ցուցաբերել անհատական մոտեցում, չկորցնել զգոնությունը՝ համբերատարությամբ լուծել հարցերը, լինել ներողամիտ: - Ոչ մասնագիտական ի՞նչ գրքեր եք ընթերցում: - Սիրում եմ նաև կարդալ. ժամանակ կար, որ շատ էի կարդում՝ պատմավեպեր, արկածային (Ժյուլ Վեռնի տասնհինգ և ավելի վեպեր), դետեկտիվ… Վերջին գիրքը, որ կարդացել եմ, Օնորե դը Բալզակի «Հայր Գորիոն» է: Գիրքը նվիրել էր աշակերտուհիս: - Ի՞նչ ֆիլմեր եք նախընտրում դիտել: - Ֆիլմ դիտելը իմ նախասիրությունների մեջ է. ժամանակ կար, որ շատ էի դիտում: Նախընտրում եմ պատմական, դրամատիկ ֆիլմեր: Վերջին ֆիլմը, որ դիտել եմ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն է: - Պատմեք մի իրավիճակ, երբ Ձեր աշխատանքը Ձեզ խորապես ոգևորեց կամ մի աշակերտի հաջողություն տեսաք, որը մեծ ազդեցություն թողեց Ձեզ վրա: - Ուսուցչի աշխատանքի հաջողությունը կայանում է նրանում, թե նա իր մասնագիտական պատրաստվածությամբ, հոգեբանամանկավարժական հմտություններով, արտաքին ու ներքին հատկանիշներով ինչպիսի ազդեցություն է թողնում աշակերտների կրթության, նրանց զարգացման, մարդկային արժեքների, հոգեկերտվածքի ձևավորման վրա: Այդպիսի մի քանի դեպք կարող եմ հիշել: Այս տարիների ընթացքում մի քանի աշակերտներ եմ ունեցել, որոնք մասնագիտության ընտրությունը կատարել են՝ խանդավառված ուսուցչի՝ իմ կերպարով և մասնագիտական աջակցության արդյունքում: Նախորդ դպրոցում աշակերտներ ունեի, որոնց հետ հոգեպես շատ կապված էի և աշխատանքիս վայրը փոխելը նրանց և ինձ համար այդ տեսանկյունից «հեգեբանական կաթված» էր: Այնուհանդերձ, նրանց հետ չեմ կորցրել կապս՝ շարունակել եմ ոգևորել և ոգեշնչել, ներշնչել սեփական ուժերի հանդեպ վստահություն, նպատակասլացություն: Այժմ էլ ունեմ աշակերտներ, որոնց հետ ապագայի մեծ հույսեր են կապում: - Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ուսուցիչներին՝ դպրոցում հաջողության հասնելու համար: - Սկսնակ ուսուցիչներին խորհուրդ կտայի չվախենալ մարտահրավերներից, անընդհատ զբաղվել մասնագիտական կարողությունների զարգացմամբ, լինել համարձակ ու համբերատար, սիրել իրենց աշխատանքը, հիշել, որ ցանկացած պարագայում աշակերտը բարձրագույն արժեք է, հարգել նրա իրավունքները, նրա համար ստեղծել վստահելի միջավայր, չթելադրել սեփական կարծիքը, լսել նրան: Ուսուցչի աշխատանքը նման է այն մոր աշխատանքին, ով ընդառաջ է գնում իր առաջին ինքնուրույն, բայց երերուն քայլերն անող մանչուկին: Մայրը պետք է հոգ տանի, որ երեխան դա անի ինքնուրույն՝ միաժամանակ հետևելով, որ չընկնի, չսայթաքի: Եվ որ ամենակարևորն է՝ թողնի իր գեղեցիկ ձեռագիրը մարդ կերտելու արվեստում: | |
| |
Դիտումներ: 677 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |